ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը. Շարմազանով
Հաշվի առնելով հանգամանքը, որ օրեր առաջ ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Հանրապետական կուսակցությունը ևս այսօր ԳՄ նիստում ընտրատարածք առ ընտրատարածք ամփոփել է ընտրությունների արդյունքները: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ նիստում քննարկել են նաև Երևանի ավագանու ընտրություններում կազմակերպչական խնդիրները, ծրագիրը, որն ավարտական փուլում է:
Հարցին՝ ՀՀԿ-ն որոշել է արդյոք, թե Ազգային ժողովում պաշտոններն ինչպես է բաշխելու, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այս պահին քննարկումներ են իրականացվում ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ։ Այո, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը, դրանք ավարտվելուն պես կտեղեկացնենք ձեզ։ Բայց, քանի որ դրանք քննարկումների փուլում են և չեն ավարտվել, կոռեկտ էլ չի լինի, որ առանց քննարկումներն ավարտած մենք քննարկենք ապագա կառավարության հարցը»։
ՀՀԿ խոսնակը նաև ավելացրեց, որ վարչապետի հարց, բնականաբար, չի կարող քննարկվել, քանի որ վարչապետ շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը։
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ ՀՀԿ-ի օրակարգում այս պահին «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հարց չկա: «Մեր օրակարգում նման հարց չկա: Եթե լիներ, ես կասեի, որ քննարկում ենք «Ծառուկյան» դաշինքի հետ ապագա համագործակցության հարցը»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը: