«Հիացած եմ հայերով». ՈՒԵՖԱ-ի նախագահ
«Վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվել հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ»,- Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողության ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին շահագործման հանձնվեցին ՀՖՖ-ի տեխնիկական կենտրոնի ակադեմիան, Գյումրու և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիաները: Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը, որի արժեքը 900 մլն դրամ է, ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից համատեղ իրականացվող ներդրումային ծրագիր է:
Արարողությանը ներկա էր նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
«Ինձ համար հաճելի է լինել Հայաստանում, հիացած եմ հայ մշակույթով, մարդկանցով, պատմությամբ և շատ ուրախ եմ ականատես լինել նաև զարգացումներին, որ տեղի են ունենում այս երկրում»,- ասաց նա։
Չեֆերինն ընդգծեց, որ Հայաստանի ֆոոտբուլի ֆեդերացիան ու ՈՒԵՖԱ-ն ավանդաբար շատ լավ հարաբերություններ ունեն, որն ավելի է լավացել. «Շատ կարևոր է, որ այս ամենից շահեն երիտասատդները, պատանիները, որ զերծ մնան փողոցում ժամանակ անցկացնելուց»,-ասաց ՈՒԵՖԱ-ի նախագահը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանն ապագայում նույնպես կվայելի անձամբ իր ու ՈՒԵՖԱ-ի աջակցությունը։
«ֆուտբոլն առանձնահատուկ երևույթ է, որը կյանք է պարգևում մարդկանց, երջանկացնում»-հավելեց ՈՒԵՖԱ-ի նախագահը։