Պուտինը խոստացել է թույլ չտալ «գունավոր հեղափոխություններ» ՌԴ-ում և ՀԱՊԿ երկրներում
Ռուսաստանի իշխանությունները ջանքեր կգործադրեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ ՀԱՊԿ անդամ երկրներում գունավոր հեղափոխություններ թույլ չտալու համար: Այս մասին «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք տարբեր տեսությունների մասին գիտենք, որոնք իրագործվում են աշխարհի զանազան տարածաշրջաններում և բերում են դրանցում լրջագույն անկայունության: Բնականաբար, մենք ոչ մի նման բան պետք է թույլ չտանք և ամեն կերպ ջանք կգործադրենք մեզ համապատասխան կերպով պահել Ռուսաստանում և ամեն կերպ աջակցել ՀԱՊԿ մեր գործընկերներին»,-ասել է Պուտինը:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսի առաջնորդները, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը և Ալմազբեկ Աթամբաևն իրենց դժգոհություններն էին հայտնել՝ կապված իրենց երկրներում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչած քննադատությունների հետ:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահը նույնիսկ խոսել էր իրենց երկրում «գունավոր հեղափոխության» վտանգի առկայության մասին, իսկ Բելառուսի նախագահը քննադատել էր ամերիկացի կոնգրեսական Ջոն Մակքեյնի փորձերը՝ Բելառուսում «ժողովրդավարություն որոնելու» հարցում: