Տաքսու անհատ վարորդները բողոքում են շատ անհավասար մրցակցային դաշտից. Վ. Սահակյան
«Արդեն որերորդ անգամ տաքսու լիցենզավորման կարգի փոփոխությունների հետ կապված դաշտը մնում է բացիթողի: Տաքսու վարորդների մի մասը լիցենզավորվել է ու օրինական դաշտում են աշխատում, մուծում են հարկերը, մյուս մասը առանց որևէ հարկ վճարելու են գործում: Մրցակցային դաշտը շատ անհավասար է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը՝ խոսելով տաքսու լիցենզավորման կարգի և օն-լայն տաքսիների հետ կապված խնդիրների մասին:
Նրա խոսքով, բացիթողի վիճակից վերջին մի քանի ամիսների ընթացքում օգտվել են ոչ միայն անպատասխանատու անհատ վարորդներն ու տաքսի ծառայությունները, նաև արտասահմանյան կազմակերպություն՝ ի դեմս «Յանդեքս տաքսի» ծառայության. «Այս ծառայությունը ռեալ իրականացնում է տաքսի ծառայություն, բայց հայտարարում է, որ ընդամենն ինտերնետ պրովայդեր է: Բայց տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է՝ խիստ վերահսկվող պետության կողմից»:
Նա նշեց, որ «Յանդեքս տաքսի» ծառայության տաքսիների գերակշիռ մեծամասնությունը լիցենզավորված չեն, որոնք էլ որ լիցենզավորված են, կարգի խիստ խախտմամբ են լիցենզավորվել. չունեն տաքսու հաշվիչներ, օգտագործում են հեռախոսներ, համակարգիչներ, որոնք օրենքով արգելված է:
Հարցին, թե օն-լայն աշխատող այլ տաքսի ծառայություններ էլ կան, արդյո՞ք դրանց տաքսիները լիցենզավորված են, բանախոսն ասաց. «Ես խոսում եմ ամենամեծի մասին: «Մոբի տաքսի» կա, տաքսիները լիցենզավորված են: Ամեն մի մեքենա ամսական պետությանը հարկ է վճարում: «Ջի-Ջի տաքսի» ծառայության տաքսիների որոշակի մասն է լիցենզավորված»:
Պատասխանելով հարցին՝ հստակ ձևակերպեք, թե ո՞րն է այսօր անհատ տաքսիստների բողոքը, Վ. Սահակյանն ասաց. «Անհատ վարորդների բողոքն այն է, որ ամեն ամիս վճարում են 12 հազար դրամ, աշխատում են օրինական դաշտում, կողքի մեքենան չի վճարում: Անհատ տաքսու վարորդները կանգնած սպասում են հաճախորդի, բայց կողքից գալիս են այդ ծառայությունների մեքենաները՝ առանց նշանների, տաքսու տարբերանշանի, կահավորման, լիցենզիայի, նրանց կողքից նրանց հաճախորդին վերցնում ու տանում է, ոչ ոք չի կարողանում դրա դեմն առնել: Որպես բողոքի ձև անհատ տաքսու վարորդները քանի ամիս այդ 12 հազար դրամ հարկը չեն վճարել, բոլորի տուն նամակներ են եկել՝ տույժ ու տուգանքներով»:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Մարտիրոսյանը տաքսիստներին առաջարկել է մինչև վաղը միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել
- «Մեզ խաբել են, պարոն Ղազարյան». Տաքսիստները փողոց են դուրս եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան