Երևանի ավագանու ընտրություններն ավելի պասիվ կլինեն. Հովհաննես Իգիթյան
Ազգային ժողովի ընտրություններն անցել են խախտումներով ու խորամանկություններով: Շատ կասկածելի բաներ են տեղի ունեցել, բացառվել են գաղափարների հակադրումը և դեբատները: Ինչ վերաբերում է ընտրողներին, ապա նրանք խիստ շփոթված էին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Ընտրությունների ընթացքում օգտագործվել են ֆինանսական և վարչական լծակներ, մարդկանց ինչ-ինչ միջոցներով խրախուսել են կամ ճնշել»,- համոզմունք հայտնեց բանախոսը:
Հովհաննես Իգիթյանի խոսքով, ՀՀԿ-ն ձայների սահմանված քանակ ստացել է Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, այլապես, ըստ նրա, ովքե՞ր էին մանկապարտեզի կամ դպրոցի տնօրենները, որպեսզի առանց հրահանգի կարողանային զբաղվել ձայների հավաքագրմամբ:
«Հստակ է, որ դա հանձնարարություն է եղել»,- համոզմունք հայտնեց ՀՀՇ ներկայացուցիչը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ դրանք ավելի պասիվ կլինեն, քանի որ ընտրողն իր ճակատագիրը ավագանու հետ չի կապում:
«Մեզ մոտ ըմբոստություններ լինում են նախագահական ընտրություններից հետո, քանի որ ժողովուրդն իր ճակատագիրը կապում է հենց նախագահի հետ: Չեմ կարծում, որ ավագանու ընտրություններին ինչ-որ անակնկալ տեղի կունենա»,- ամփոփեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին