Օրենսդիր մարմնի լեգիտիմությունը զրոյական է. Սոս Գիմիշյան
Օրենքը, որով անցկացվեցին ԱԺ ընտրությունները, հակասահմանադրական է, հետևաբար օրենսդիր մարմնի լեգիտիմությունը զրոյական է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Եթե լիներ զուտ համամասնական ընտրակարգ, ապա իշխանությունն այդքան հեշտորեն չէր կարող անել այն, ինչ արեց: Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ ընտրողների թիվը զգալի ուռճացված է, իրական ընտրողների թվին իշխանությունը հավելել է առնվազն 700 հազար ձայն:
Բացի այդ՝ այս ԱԺ-ում մանդատ ստացել են նրանք, ում ցանկացել է Սերժ Սարգսյանը, այդ թվում՝ «Ելք» դաշինքի թեկնածուները: Եթե նա չցանկանար, պատգամավոր ընտրված անձանցից ոչ մեկը խորհրդարան չէր անցնի»,- ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ նույն սցենարը կրկնվել է նաև նախորդ խորհրդարանական ընտրություններում:
Սոս Գիմիշյանի խոսքով, իշխանությունն է նշանակում և ընդդիմությանը, և իշխանությանը, իսկ ընտրությունները ոչ այլ ինչ են եթե ոչ՝ շոու: Իսկ այդ շոուի հետ, ըստ նրա, ժողովուրդը որևէ կապ չունի: