Էջմիածինը շուտով ֆուտբոլի ակադեմիա կունենա
«Քաղաքում ֆուտբոլի ակադեմիա ունենալու անհրաժեշտությունը չափից ավելի մեծ է»,-Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, քաղաքը ժամանակին կորցրել է մարզադահլիճները, մարզադաշտը և դրանց կարիքը շատ էր զգացվում:
«Առնվազն 200 մարզիկ տարբեր դպրոցներում պարապում են ֆուտբոլով, իսկ մարզիչներին քաղաքն է վարձատրում: Ակադեմիա ունենալու խնդրանքով դիմեցինք Հանրապետության նախագահին, և պետություն-ազգային ֆեդերացիա-քաղաք համատեղ աշխատանքով մեկ-երկու տարվա ընթացքում կկառուցվի ֆուտբոլի ակադեմիան»,-ասաց Կ. Գրիգորյանը:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ 1100 մետր քառակուսի մակերես ունեցող երկհարկանի շենքում կլինեն ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ:
Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիանն կունենա նաև բացօթյա լողավազան, արհեստական 1 և բնական 3 խոտածածկով խաղադաշտեր: Կկառուցվի նաև մոտ 500 նստատեղով տրիբունա՝ֆուտբոլի առաջնությունների պաշտոնական հանդիպումները հյուրընկալելու համար:
Կարեն Գրիգորյանը նշեց նաև, որ ակադեմիայում կարող է մարզվել մինչև 600 երեխա: Ակադեմիան աշխատանքով կապահովի 25-30 մարդու՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով:
Հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար Հայաստանի հոգևոր կենտրոն են մեկնել ՀՀ նախագահը, ՈւԵՖԱ-ի նախագահն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: