FAST հիմնադրամը՝ Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության հարթակ
FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ձևավորման և գործող գործադիր տնօրենի նշանակման մասին:
Առաջին անգամ FAST-ի ստեղծման մտադրության մասին 2016 թ. հուլիսին խոսել էր սոցիալական ներդրող և գործարար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը` նշելով, որ հիմնադրամն ուղղված է լինելու «Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն և հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն»։
FAST հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը՝ IDeA հիմնադրամի անունից, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Այբ» և «Լույս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի գործարար Արթուր Ալավերդյանը: Ստեղծվել է Հոգաբարձուների խորհուրդը, որն ունի հինգ անդամ՝ ներառյալ հիմնադիրները: Խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Ալավերդյանը:
Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ խորհրդատվական խորհուրդը գլխավորել է Նուբար Աֆեյանը:
«Հայաստանի ապագան մեծ մասամբ կախված է նորարարական մոտեցում դրսևորելու և գլոբալ շուկաներում մրցունակ ապրանքներ և ծառայություններ ստեղծելու երկրի ընդունակությունից: FAST-ը այդ ներուժը տեսանելի ապագայում իրականություն դարձնելու կատալիզատոր է լինելու»,-ասել է նա:
«Խորհրդային ժամանակ Հայաստանը եղել է մեծ երկրի գիտական և տեխնոլոգիական նորարարությունների բացարձակ առաջատարը: Հուսով եմ, որ FAST–ը թույլ կտա Հայաստանին վերադարձնել իր դիրքերը մի շարք ուղղություններում, ինչպես նաև կրթության և ակադեմիական հետազոտությունների ոլորտում: Եվ այս անգամ մենք հանդես կգանք որպես առաջատարներ գլոբալ մակարդակում ՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս», - ասել է խորհուրդի անդամ Նաիրա Հովակիմյանը:
FAST-ի գործադիր տնօրեն է նշանակվել ձեռնարկատեր, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը:
«Աշխարհում այսօր աննախադեպ տեխնոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում: FAST-ը ստեղծվում է իր հիմնադիրների տեսլականի, ինչպես նաև Հայաստանի և ողջ աշխարհի հայերի պատմական գիտական ձեռքբերումների շնորհիվ: Գլոբալ ռեսուրսների հասանելիությունը կարող է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար գիտական և բաց նորարարական հանգույցներից մեկը: Ես պատկերացնում եմ մի աշխարհ, որում Հայաստանը տեխնոլոգիական միտումների թելադրողը կլինի տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Ոգևորված եմ, որ այս նախաձեռնության իրականացմանը մասնակցելու հնարավորություն ունեմ», - հայտարարել է Արմեն Օրուջյանը:
FAST-ի ստեղծման մասին հայտարարությանը հետևած 9 ամիսների ընթացքում հիմնադիրները մի շարք արդյունավետ քննարկումներ են ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում՝ գիտնականների, ներդրողների և ձեռնարկատերերի մասնակցությամբ: Երևանյան թիմը տվյալների շտեմարան է հավաքել, որը ներառում է շուրջ 5000 գիտնականներ և ինժեներներ Հայաստանից ու Սփյուռքից: Նրանցից ավելի քան 120-ը իրենց ավանդն են ունեցել FAST նախաձեռնության քննարկման մեջ: Նախապատրաստական աշխատանքներում կարևոր ներդրում են ունեցել նաև Համահայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU), Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Synopsis-ը, NSF-ն, National Instruments-ը և ավելի քան 100 անձինք, ովքեր կարևոր և գնահատելի առաջարկություններ են ներկայացրել:
«Մեր գլխավոր նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ և մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
FAST-ի երեք գլխավոր գործառույթներն են՝ լինել տեխնոլոգիական զարգացման կատալիզատոր, կենտրոնացնել և համակարգել ջանքերը: FAST-ի զարգացման համար նախնական ֆինանսավորման ծավալը կկազմի մինչև 15 մլն ԱՄՆ դոլար: Հիմնադիրները միջոցների ներգրավման գլոբալ արշավ կնախաձեռնեն՝ հինգ տարվա ընթացքում մինչև 250 մլն դոլար ներգրավվելու համար: