Ռալֆ Յիրիկյան. Հարկավոր է հիշել, որ այդ թվերի հետևում մարդկային կյանք կա
1988-ի ավերիչ երկրաշարժը հսկայական ազդեցություն ունեցավ ոչ միայն դրանից անմիջականորեն տուժած, այլև աղետից շատ ավելի ուշ ծնված սերնդի վրա. վագոն-տնակները երկրաշարժից հետո կացարան դարձան բոլոր այն ընտանիքների համար, որոնք բնակարանի կարիք ունեին թե՛ աղետի գոտում, թե՛ Հայաստանի տարբեր մարզերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ուղղված է դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցների կեցության պայմանների բարելավմանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիրը:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համագործակցող կողմերի ղեկավարները հերթական շրջայցով եղել են Գեղարքունիքի մարզում, որտեղ ծրագրի շրջանակում, 2016թ.-ի ընթացքում աջակցություն է ստացել երեք ընտանիք: Նրանցից երկուսը վերանորոգել են բնակարանը, իսկ մեկն ավարտել է կիսակառույց տան շինարարությունը:
Վարսեր համայնքում բնակվող Ստեփանյանների ընտանիքը նախ բնակվել է ընտանիքի հոր՝ Վալտերի հայրական տանը, 12 անձով փոքր բնակարանում, ապա տեղափոխվել է վագոն-տնակ:
«Վագոն-տնակում բնակվել ենք 17 տարի: Հայրական տունը շատ փոքր էր: Տեղափոխվեցինք վագոն-տնակ. ուրիշ ճար չունեինք: Երեք երեխաներս երկաթյա պատերի ներսում են մեծացել ու, կարելի է ասել՝ մանկություն չեն տեսել: Անցած գարնանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ, վերսկսեցինք մեր նոր տան շինարարությունը, որը սկսել էինք տարիներ առաջ ու ոչ մի կերպ չէինք կարողանում ավարտին հասցնել: Անսահման երախտապարտ ու երջանիկ ենք»,-ասել է ընտանիքի հայրը՝ Վալտերը:
«Հաճախ, երբ մարդիկ խոսում են թվերի լեզվով, կենտրոնանում են հատկապես ցուցանիշների վրա: Մինչդեռ կա ավելի կարևոր, նուրբ հարց. հարկավոր է հիշել, որ այդ թվերի հետևում մարդկային կյանք կա: Տասնյոթ տարին մի ամբողջ պատանեկության շրջան է: Այս ընտանիքի երեխաներն այն ապրել են վագոն-տնակում: Նրանց անհոգ ու լուսավոր երազանքները փոխարինվել են ծնողների հոգսը ժամանակից շուտ զգալու գիտակցությամբ: Ապրած տարիները վերադարձնել հնարավոր չէ, բայց հետագա կյանքն այս ընտանիքի համար փոխվելու է: Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ պայմանները կստիպեն, որ դժվար հիշողությունները անցյալում մնան»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վագոն-տնակների առկայությունը մեր համայնքներում, ցավոք սրտի, խոսում է այն մասին, որ դեռ շատ գործ ունենք անելու և, որ մեր հայրենակիցներից շատերը զրկված են կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից: Բնակարանային կարիքը Հայաստանում շատ մեծ է. ուրախ ենք, որ մեր գործընկերոջ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արդյունքում հնարավոր է լինում լուծել խնդրի թեկուզև ինչ-որ մասը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Բնակարանաշինության իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2016թ. ընթացքում կատարել է մոտ 105 մլն. ՀՀ դրամի, իսկ հինգ տարվա ընթացքում՝ ավելի քան 333 մլն. ՀՀ դրամի ներդրում:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ամանորյա նվեր են մատուցել 42 ընտանիքի
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Լոռու մարզում բնակարանի տեր է դարձել 20 ընտանիք
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Գեղարքունիքի մարզում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցել Գորիսում
- Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը
- Բնակարանամուտ Կաքավաձոր գյուղում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»-ի օգնությամբ բնակարանամուտ են տոնել նաև Լոռու մարզում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Այգեպարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին