Ամերիկյան քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը լինելու է Հարավային Կովկասը. Ա.Նավասարդյան
«Այս ամենից հիմա սառը պատերազմի հոտ է փչում, չնայած համամիտ չեմ այն կարծիքների հետ, որ կարող է համաշխարհային պատերազմ սկսվել: Ոչ, բայց հարաբերությունները սրված են, ինչն առաջին հերթին կանդրադառնա Սիրիայի գործընթացների վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով միջազգային ընթացիկ իրադարձությունների ու խնդիրների, մասնավորապես Սիրիայի, վերաբերյալ:
Նրա կարծիքով, Սիրիայի նախագահ Ասադն այլևս ապագա չունի այդ խնդիրներում, որովհետև այստեղ այնպիսի գործոններ աշխատեցին՝ քիմիական զենք և այլն, որ այսօրվա իշխանությունների դեմ դուրս եկավ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը:
«Եթե շատ համարձակ կանխատեսումներ անելու լինենք, ըստ երևույթին, հարցը գնում է Սիրիայի մասնատման: ԴԱԻՇ-ի խնդրում, որ կարծես թե առաջընթաց կար, լրիվ հակառակ ուղղությամբ կզարգանա: Նրանք հիմա ավելի կլկտիանան, թեև ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կոչնչացնեն, արմատախիլ կանեն, բայց շատ կասկածում եմ, որ կկարողանան դա անել՝ իմանալով, թե ինչ է իրենից ներկայացում ԴԱԻՇ-ը: Եթե հիմա որոշ առումով հեռվանում են ռազմական գործողությունների շրջանակներից, պարզապես թափանցում են ազգաբնակչության մեջ, տարբեր տարածաշրջաններ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, Ա. Նավասարդյանի կարծիքով, հիմա ամեն ինչ պետք է իջեցվի հյուծիչ, երկարատև դիվանագիտական բանակցությունների և միջպետական հարաբերությունների եթե ոչ սառեցման, ապա ինստագնացիայի:
Նա նշեց մեկ այլ խնդիր, որն ավելի վտանգավոր է մարդկության համար. «Դա Հյուսիսային Կորեան է: Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ն այստեղ չկարողանան գալ ընդհանուր հայտարարի, կարող է լուրջ զարգացում ունենալ: Հյուսիսային Կորեան այն երկիրը չէ, որին կարելի է մատների արանքով նայել: Ունի հզոր բանակ, ժամանակակից ուժեղ զենք»:
Խոսելով Հարավային Կովկասի մասին, Ա. Նավասարդյանն ասաց. «Որոշ տեսակետներ կան, որ ամերիկացիները ուշադրություն չեն դարձնում Հարավային Կովկասին, կանխորոշված է, որ այս տարածաշրջանը գտնվում է ՌԴ ազդեցության ոլորտներում: Հիմա, կարծես թե, դա մղվում է երկրորդական պլան: Համոզված եմ, որ ամերիկյան քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը լինելու է այս տարածաշրջանը, որովհետև այստեղ այնպիս մի թնջուկ է ստացվում՝ ԱՄՆ, Իրան, ՌԴ, Թուրքիա, նաև Իսրայել, որ այս իրադրությունը գալիս է ասելու՝ այստեղ բոլորովին նոր քաղաքական իրավիճակ կարող է ստեղծվել: Հայաստանը պետք է կարողանա ճիշտ, գրագետ աշխատել, մանևրել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան