Երևանում 4800 քմ մակերեսով մարզա-առողջարարական համալիր է կառուցվելու
Մասնավոր ներդրողի միջոցներով 2017 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2,400,000.00 ԱՄՆ դոլար: Կառուցման աշխատանքները կավարտվեն 2018 թվականի փետրվար ամսին:
Սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից նաև հայտնում են, որ այս տարվա վերջին կավարտվեն Տավուշի մարզի Իջևան քաղաքում կառուցվող լողավազանի և հարակից շինությունների շինարարական աշխատանքները, որոնց 70 %-ն իրականացվել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Այս աշխատանքների համար կատարվել է 163,934 ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում:
2017 թվականին սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Այս պահին հայտարարվել է մրցույթ` նախագծա-հաշվարկային աշխատանքների կազմման համար:
Աղբյուրը նշում է, որ Երևանի Դավթաշեն համայնքում ավարտվել են Օլիմպավանի լողավազանի և խաղային մարզաձևերի դահլիճների կառուցման աշխատանքները, որոնց համար կատարվել է 4,123,711.34 ԱՄՆ դոլարի ներդրում:
Այստեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային և ջրային մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերը:
Ավարտվել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվող մենապայքարային մարզաձևերի համար նախատեսված մարզադահլիճի շինարարության աշխատանքները, որոնց համար 2017 թվականին կատարվել է 100,000 ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում: