Զատկական թանկացումներ. ձուն թանկացել է 3-5 դրամով
«Զատկական թանկացումների և գնային թռիչքների թեման, ցավոք, դառնում է հավերժական։ Իհարկե, գները թանկանում են ամենուրեք և միշտ, բայց առաջանցիկ տեմպերով ավելանում են նաև մարդկանց եկամուտները»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը։
«Արևմտյան երկրներում, եթե գները թանկանում են 3 տոկոսով, նույն ժամանակահատվածում մարդկանց եկամուտներն ավելանում են 7-9 տոկոսով։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք աղավաղված պատկերի առջև ենք կանգնած։ Մեր երկրի բյուջռի նախագծում գրված է՝ գները և սակագները պետք է ունենան աճի կայուն տեմպ և չգերազանցեն 4 տոկոսը։ Խոսքը տարեկան գնաճի մասին է, բայց մեզ մոտ 4 օրվա ընթացքում գները աճում են 10 տոկոսով»,- նկատեց բանախոսը՝ հիշեցնելով, որ գների կտրուկ՝ 10 տոկոս թռիչք գրանցվեց ԱԺ ընտրությունների նախօրյակին, ինչպես նաև հաջորդ օրը։
Նրա խոսքով, նույնը տեղի կունենա նաև Զատկի նախօրեին, մանավանդ, որ գների բարձրացման նախանշաններ արդեն իսկ առկա են։
«Նոր զելանդական կարգը, օրինակ թանկացել է 200 դրամով, ինչը քիչ չէ։ Ձուն թանկացել է 3-5 դրամով։ Ինչ վերաբերում է ձկանը, ապա այն ոչ միայն թանկացել է, այլև անգամ դժվար է գտնել՝ կապված վաճառքի արգելքի հետ»,- նկատեց բանախոսը՝ ընդգծելով, որ իրենց դիտարկումները կատարվել են վերջին 3-4 օրերի ուսումնասիրությունների հիման վրա։