Գերմանիայի ոստիկանությունը չի հաստատել, որ Դորտմունդում պայթյունը ահաբեկչություն է
Գերմանիայի ոստիկանությունը չի հաստատում, որ Դորտմունդ քաղաքում «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն է: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է քաղաքի ոստիկանապետը:
«Ես չեմ ուզում ենթադրել, որ դա եղել է ահաբեկչական հարձակում: Ամեն ինչ քննվում է: Մենք ուզում ենք զգույշ գործել: Հետաքննությունն անցկացվում է շատ պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռոյթերսը, հղում անելով Գերմանիայի դատախազությանը, հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նամակ, քննիչներն այն ստուգում են:
Ռիա նովոստին, հղում անելով Ասոշիեյթիդ պրեսին, գրում է, որ այդ նամակի հեղինակը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:
«Բորուսիա» ֆուտբոլային թիմը նախօրեին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում խաղալու էր «Մոնակոյի» հետ: Խաղից գրեթե մեկ ժամ առաջ ԶԼՄ-ները հայտնել էին ավտոբուսի մոտ պայթյունի մասին: Նրանք պատրաստվում էին գնալ մարզադաշտ: Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել էր այդ տեղեկատվությունը, որ ավտոբուսի մոտ երեք պայթյուն է որոտացել: «Բորուսիա»-ի խաղացող Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա ձեռքը վնասվել էր ապակու կտորից:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան