Ահմադինեժադի տեղակալը ևս գրանցվել է որպես նախագահի թեկնածու
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ Համիդ Բաղային գրանցվել է որպես նախագահի թեկնածու,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախկին փոխնախագահին ՆԳ նախարարություն ուղեկցել են Մահմուդ Ահմադինեժադն ու նրա աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշային:
Հիշեցնենք, Համիդ Բաղային 2010թ. օգոստոսին «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, մասնավորապես ասել էր. «Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915-ին ցեղասպանություն է իրականացրել որոշ թվով հայերի նկատմամբ, ու թեև ներկայումս Օսմանյան կայսրությունն այլևս չկա, Հայաստանը Թուրքիայից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել»:
Այս միջադեպից հետո տեղի ունեցավ Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մանուչեհր Մոթթաքիի և Ահմեդ Դավութօղլուի հեռախոսազրույցը, որի ընթացքում թուրքական կողմը փոխնախագահ Բաղայիի հայտարարության առնչությամբ Իրանից բացատրություն էր պահանջել: