Հակառակ Իրանի հոգևոր առաջնորդի հորդորին՝ Մահմուդ Ահմադինեժադն առաջադրել է իր թեկնածությունը
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2016 թ. սեպտեմբերին Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը (2005-2013թթ.) երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին գրած նամակում վստահեցրել էր, որ նպատակ չունի մասնակցել 2017թ. կայանալիք նախագահական ընտրություններին:
Նամակում Մահմուդ Ահմադինեժադը գրել էր, որ Աստծո կամքով կշարունակի մնալ իսլամական հեղափոխության փոքրիկ զինվոր և ժողովրդի ծառա:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին հրապարակել, որոնց համաձայն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպմանը, նպատակահարմար չէր համարել, որ վերջինս իր թեկնածությունն առաջադրի 2017թ. նախագահական ընտրություններին:
Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այաթօլլահ Ալի Խամենեին հոգևորականների հետ ունեցած հանդիպմանը, չհիշատակելով Մահմուդ Ահմադինեժադի անունը, մասնավորապես ասել էր. «Մի պարոն եկավ մոտս, ես էլ ասացի, որ նպատակահարմար չէ, որ նա մասնակցի այսինչ միջոցառմանը, չեմ ասել մի՛ մասնակցի, այլ ասել եմ նպատակահարմար չէ»:
«Դոյչե Վելլե»-ի փոխանցմամբ՝ Ալի Խամենեին ի պատասխան Մ. Ահմադինեժադի պնդումներին, հիմնավորել է, որ ԻԻՀ նախկին նախագահի առաջադրումը երկիրը երկու բևեռների կբաժանի, ինչը դեմ է հեղափոխության և ժողովրդի շահերին:
Հարակից հրապարակումներ`
- Ահմադինեժադի տեղակալը ևս գրանցվել է որպես նախագահի թեկնածու
- Իրանում նախագահի առաջին կին թեկնածուն է գրանցվել