
ԿԳՆ. 127 դպրոցում անհրաժեշտ է կատարել համապարփակ ուսումնասիրություն
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է տարածել 127 դպրոցի աշակերտների հետ կապված միջադեպ առնչությամբ։
«Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի /ինքնավնասման փորձ/ առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ: Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները:
Նախարարությունն արձանագրում է, որ տվյալ դպրոցում անհրաժեշտ է կատարել ուսումնական և դաստիարակչական գործընթացի համապարփակ ուսումնասիրություն՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, սովորողի վարքագծի և մանկավարժական մոտեցման տեսանկյունից: Միաժամանակ ԿԳՆ-ն ընդգծում է, որ խնդիրը գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում»: