Պիպոյան. Նման մակնշմամբ սննդի առկայությունը վկայում է երկու բանի մասին
Ներմուծվող սննդամթերքի փաստաթղթային ուսումնասիրությունն ինքնին ենթադրում է, որ նվազագույն ուսումնասիրություն պետք է կատարվի՝ ստուգվեն արտադրության ժամկետները, մակնշումը և այլն: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտադրման անհայտ ամսաթվով ու պահպանման կեղծված ժամկետով սննդի ներկրմանն ու վաճառքին, ապա ՍԱՊԾ կողմից կասեցմանը, ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով, այն պարագայում, երբ նման մակնշմամբ սնունդը հայտնվել է իրացման ցանցում վկայում է երկու բանի մասին: «Կամ Սննդամթերի անվտանգության պետական ծառայությունը չգիտի, թե ինչով է զբաղված, կամ էլ առկա խնդիրը տեսնելով՝ ապրանքը միտումնավոր կերպով բաց են թողել»։
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ից հայտնել էին, որ ժամկետը փոփոխված տորթի վաճառքը կասեցվել է:
«Գիտե՞ք, բազմիցս տեսել ենք նմանատիպ կասեցումներ ու հետկանչեր, պետք է իրական աշխատանք, ոչ թե հայտարարություններ»,-արձագանքեց ՀԿ նախագահը:
Նա փաստեց, որ այս պահին էլ հստակ չէ, թե քանի իրացման կետերում է կասեցվել այդ ապրանքի վաճառքը, քանի՞ տոննա է եղել ներմուծված բեռը, որքա՞ն է իրացվել:
«Սրանց մասին չի խոսվում, որպեսզի հնարավոր չլինի վերահսկողություն սահմանել»,-կարծիք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է ՍԱՊԾ-ի հայտարարության այն հատվածին, որ ծառայությունը հանդես է գալու օրենսդրական փոփոխության, ապա սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի նախագահը նշեց, որ դա մեկ նպատակ ունի՝ ավելացնել ծառայության լծակները:
«Սակայն հարց է առաջանում, այդ լծակներով ծառայությունն ավելի շատ պաշտպանելու է սպառողներին, թե՞ վնասելու է տնտեսվարողներին: Մեզ տարբեր կառույցներից ներքին կարգով կարծիքների համար ուղարկվում են օրենսդրական նախագծեր, որոնք գալիս են վկայելու, որ դրանք միտված են ոչ թե սննդամթերքի անվտանգությանը, սպառողների շահերի պաշտպանությանը, այլ լծակներ են ընդամենը, որոնց կիրառության կարիքն անգամ չկա»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ սպառողի շահի պաշտպանությունից չպետք է տուժեն տնտեսվարողները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան