Երևանում շուտով ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն կբացվի
Երևանում շուտով ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն կբացվի։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Նախաձեռնողը Փարիզի «Ալլեղեյ Լաբղուստ» կլինիկայի (Clinique Alleray Labrouste) քիմիաթերապիայի ճանաչված մասնագետ Նորբեր Ավետյանն է։ Դեռ անցած դարի 90-ականներից Հայաստանից բազմաթիվ հիվանդներ մեկնում էին Փարիզ նրա մոտ բուժվելու։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր այցելել է կենտրոն, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծվող հնարավորություններին և նախատեսվող ծառայություններին։
Նախարարին ներկայացվել են կենտրոնում ժամանակակից եվրոպական սխեմաներով քիմիաթերապիա իրականացնելու համար ստեղծված հարմարավետ պայմանները։ Որոշակի ժամանակ մասնագետների հսկողության տակ մնալուց հետո հիվանդները տուն կգնան։ Կենտրոնի լաբորատոր հատվածը շուտով կհամալվի արդիական սարքավորումներով։
Մարզերից եկող հիվանդների համար վերին՝ երրորդ հարկում նախատեսվել են հարմարավետ հյուրասենյակներ։
Լևոն Ալթունյանն իր գոհունակությունն է հայտնել թե՛ Հայաստանում բժշկական կարևոր ծառայության նոր հնարավորություն ստեղծելու, թե՛ իրականացված աշխատանքների համար։
Մոտ ապագայում բացելով իր դռները՝ քիմիաթերապիայի նոր կենտրոնը մեր երկրում եվրոպական մոտեցումներով ծառայություն կապահովի։