Մտնում ենք մի ասպարեզ, որին չենք տիրապետում. Հնագետ
Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է զբոսաշրջության նպատակով 4 քարանձավներ և մեկ քարանձավախումբ՝ «Մագելանի», «Թռչունների», «Արջի», «Մոզրովի», «Քարե դռներ» քարանձավներ կամ քարայր կացարաններ, 5-ական տարով վարձակալության տալու մրցույթ: Բոլոր 5-ը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեն։
Panorama.am-ի հետ զրույցում հնագետ Բորիս Գասպարյանն ասաց, որ կողմ է, որպեսզի հուշարձանների մի մասը տրվեն կառավարման, բայց ոչ թե օգտագործման:
«Մտնում ենք մի ասպարեզ, որին անծանոթ ենք, չենք տիրապետում, վտանգավոր է: Չգիտեմ՝ ինչ դուրս կգա, ինքս էլ չեմ կարողանում կողմնորոշվել: Ակցիային կողմ եմ, ակցիայի իրականացման ձևին կողմ չեմ: Պետությունը չի կարողանում պահպանել, հուշարձաններն իսկապես քանդվում են: Պետությանն էլ չի կարելի միարժեքորեն մեղադրել, ուղղակի կարելի էր ավելի մտածված, դանդաղ, տասն անգամ մտածել, հետո անել այդ ամեն ինչը»,- ասաց հնագետը՝ հավելելով, որ կարելի էր մեկը տալ վարձակալության, տեսնել այդունքը, նոր մնացածը:
Բ. Գասպարյանի խոսքով, ավելի ճիշտ կլիներ մշակվեր գիտակրթական, գիտահետազոտական մեծ ծրագիր, իսկ տուրիզմին այդ ծրագրում փոքրիկ մաս հատկացվեր, ոչ թե հակառակը՝ օգտագործվեր տուրիզմի նպատակով, քանի որ այդ քարանձավներում դեռ լիքը անելիքներ կան, ամբողջությամբ ուսումնասիրված չեն, պետք էր սկզբից հետազոտել, հասկանալ քարանձավի կարիքները:
Միաժամանակ նա հավելեց, որ մրցույթի պահանջներում նախատեսված են պահպանական միջոցառումներ, բայց ինչքանով կաշխատի…
«Կարելի էր տուրիզմն օգտագործել որպես հավելյալ եկամտի աղբյուր և այդ գումարն ամբողջությամբ ուղղել տվյալ քարանձավին, ոչ թե դնել կոմերցիոն օգտագործման տակ»,- ասաց հնագետը:
Նա նշեց, որ միգուցե պետք էր նախ քարանձավները նախապատրաստեին, նոր հանձնվեին վարձակալության. «Ամեն ինչ դնում են ներդրողի վրա: Այսպիսի բան կա. եթե մարդ գումար է ներդնում, հետո աշխատում է ամեն գնով այդ գումարը հետ բերել»:
Բ. Գասպարյանն ասաց, որ այս հարցով հանձնաժողով եղել է, քննարկումներ կազմակերպվել են, մասնագետները մասնակցել են պայմանների, պահանջների մշակմանը:
«Մենք ունեցել ենք կարծիքներ, դիտողություններ, բայց որոնք ինչ-որ տեղ հաշվի չեն առնվել»,- ասաց նա և որպես մեկ կարծիք նշեց արդեն վերը հիշատակած առաջարկությունը՝ ոչ թե շեշտը դրվի տուրիզմի տակ օգտագործելու վրա, այլ լինի գիտահետազոտական մեծ ծրագիր, որի մեջ տուրիզմն ունենա իր փոքրիկ դերը:
Ինչ վերաբերում է քարանձավներին, Բ. Գասպարյանն ասաց, որ բոլորն էլ ունեն իրենց գրավչությունը, բայց մեկն ավերված է, մյուսը կիսավեր վիճակում է:
«Բոլորը նույն սկզբունքով վարձակալության հանձնելը մի քիչ վտանգավոր է: Չեմ հասկանում ներդրողը ինչ պետք է անի: Ամեն քարանձավ ունի իր պատմությունը, մշակութային շերտը, իրար նման չեն իրենց սպեցիֆիկայով: Դնել ընդհանուր սանրի տակ՝ սխալ է, ամեն մեկին անհատական մոտեցում պետք է լինի»,- ասաց հնագետ Բորիս Գասպարյանը:
Նշենք, որ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը պարզաբանում էր ներկայացրել քարանձավների վարձակալության մրցույթի հետ կապված: Նա մասնավորապես նշել էր, որ քարանձավներն օգտագործման կարող են հանձնվել նախարարության փորձագիտական հանձնաժողովի և մրցութային հանձնաժողովի հավանությանն արժանանալու դեպքում միայն, իսկ հիշյալ հանձնաժողովների կազմում ներգրավված են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը և մասնագետները։
«Նախարարությունն առաջնահերթ կարևորում է հանրապետության տարածքում հուշարձանների անխաթար պահպանությունը և որևէ կերպ դրանց վտանգմանը նպատակաուղղված գործողություն հավանության արժանացնելը բացառում է»,- պարզաբանման մեջ նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել Վայոց Ձորի մարզի քարանձավներ
- Մրցույթ՝ քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար
- Քարանձավների մասով ոչ մի ներդրում պետությունը չի պատրաստվում անել
- Քարանձավները կսկսվեն օգտագործվել զբոսաշրջային նպատակներով
- ««Մոզրովի» քարանձավում վիճակը վտանգավոր է». «Հայաստանում քարանձավների փրկության միակ ճանապարհը` տալ շահագործման»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան