Սուրբ Զատիկի, սիրիահայերի ու գտնված հայրենիքի մասին. պատմություններ ցուցահանդես-տոնավաճառի տաղավարներից
«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» արդեն ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն այս անգամ նվիրված էր Սուրբ Հարության տոնին։ Երևանում բնակվող շուրջ 50 սիրիահայեր այսօր այցելուներին ներկայացրին ձեռագործ աշխատանքներ, արծաթյա իրեր, քաղցրավենիք, արևելյան ուտեստներ ու համեմունքներ։
Հալեպում ուսուցչուհի աշխատած Անի Շամլյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն չորս ու կես տարի Հայաստանում է։
«15 օրով էի հայրենիք այցելել, բայց որ Հալեպի վիճակը վատացավ, ստիպված եղանք մնալ այստեղ ու գործ սկսել։ Սկսեցի թխվածքներ, քաղցրավենիք պատրաստել։ Դասընթացների մասնակցեցի, նոր գիտելիքներ ստացա ու մինչև հիմա այս գործով եմ զբաղվում։ Ցուցահանդես-վաճառնքերից իմ մասին գիտեն արդեն ու հաճախ են ինձ պատվերներ են տալիս»,-ասաց տիկին Շամլյանը։
Նա նշեց, որ Հալեպի այն դպրոցը, որտեղ ինքն աշխատել է, հիմա կանոնավոր կեպրով գործում է, սակայն տունը, որտեղ բնակվել է՝ շատ վատ վիճակում է։
«Ինչպես ասում են՝ սկսեցինք այստեղ յոլա գնալ, ու վերադառնալ չենք ցանկանում»,-ավելացրեց հալեպահայ ուսուցչուհին։
Ցուցահանդեսին հանդիպեցինք նաև հալեպահայ ամուսիններ Ռաֆֆի և Յոլանդ Ռշտունիներին, ովքեր ինչպես արդեն մեր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, զբաղվում են սիրիական անուշեղենի, թխվածքների փոքրիկ արտադրությամբ:
Ամուսիններն իրենց տանն են աշխատում, պատվերներ են ընդունում ու ցուցահանդես-վաճառքների են մասնակցում։
«Շուտով հինգ տարին կլրանա, որ Հայաստանում ենք։ Փորձում ենք հարմարվել, շուկային ծանոթանալ և ընդլայնել մեր գործը։ Արդեն մեր հիմնական պատվիրատուներն ունենք։ Մարդիկ սկսում են ծանոթանալ ու համոզվել մեր արտադրանքի որակի մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռաֆֆի Ռշտունին։
Ձեռագործությամբ զբաղվող Լենա Շամլյանը պատմեց, որ հանգիստ է զգում իրեն իր հայրենիքում և զբաղվում է իր սիրած գործով։
«Հալեպում ընտանեկան բիզնես ունեինք, հարսանեկան շորերի խանութ, որը հիմնվել էր 1985 թվականից, սակայն պատերազմի պատճառով այն 2012 թվականի հուլիսի 23-ից փակ է։ Միշտ հարցնում են՝ մտադրություն ունեք վերադառնալու և ես պատասխանում եմ՝ այո ունենք, ինչպե՞ս կարող ենք չունենալ։ Տունս այնտեղ է եղել, բնական է, որ ուզում եմ գնալ ու տեսնել, բայց էլ կվերադառնամ Հայաստան, մենք սովորեցինք այստեղ կյանքին, ավելին, սիրեցինք այն, մեզ այստեղ պահող բան կա արդեն»։
Մասնագիտությամբ ճարտարապետ Վաչե Անաջօղլյանն էլ 2012-ին ընտանիքով արձակուրդներին Հայաստան էր եկել, սակայն մնաց այստեղ մինչ օրս։
«Պատերազմը սկսվեց ու մնացինք։ Որոշ ժամանակ անց տեսանք, որ վերադառնալ չենք կարող, որոշեցինք մնալ ու գործ սկսել։ Ամբողջ ընտանքիով ենք այստեղ, աղջիկս արդեն համալսարանի առաջին կուրսում է»,- պատմեց Panorama.am-ի զրուցակիցը։
Նա նշեց, որ Հալեպում մասնագիտությամբ քիչ է աշխատել, այնուհետև տպագրական գործով է զբաղվել, տպարան է ունեցել։
«Ամենարագ ձեռնարկվող գործը Հայաստանում սնունդի ոլորտի հետ կապված է։ Տեսանք, որ արևելյան սնունդի նկատմամբ Հայաստանում հետաքրքրությունը մեծացել է, սկսցեինք պատրաստում ենք տարբեր արևելյան համեմունքներ, մածուկներ ու կիսաֆաբրիկատներ։ Այժմ խանութ ունենք ու զբաղվում ենք մեր գործով»,- նշեց Վաչե Անաջօղլյանը։
Ցուցահանդես-տոնավաճառ էր այցելել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ Զատիկի տոնի առթիվ ցուցահանդես-վաճառքից ինքը ևս գնումներ է կատարել՝ իշլի քյուֆթա, հումուս և այլ ուտեսներ։
Նախարարն ասաց, որ առաջարկել է, որ շաբաթ օրն էլ մնան և 3 օր շարունակեն ցուցահանդեսը, սակայն մերժել են՝ ասելով, որ իրենք ևս պետք է գնան ու պատրաստվեն տոնին. «Սուրբ Զատիկը նրանք յուրահատուկ են նշում, մենք դեռ շատ բան ունենք սովորելու այդ առումով»։
Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սիրիահայերը մեր երկրում ունեն հարկային ատոնություններ, իսկ եթե ինչ-որ մի տեղ անհատ ձեռներեց են ներկայացված, ապա ինչպես կարգն է հարկ են վճարում:
«Պետք է գործել ՀՀ օրենքների սահմաններում, սակայն հենց այսօր կառավարության հերթական նիստում մենք էլի մաքսային, հարկային շատ արտոնություններ սահմանեցինք: Մեր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը մի շարք ձեռնարկությունների, այդ թվում նաև սիրիհայերի դեղագործությամբ զբաղվող ձեռնարկությանը մաքսատուրքի ազատելու հնարավորություն տվեց: Եթե կա բիզնես, որը զարգացման հեռանկարներ ունի, մեր պետությունը պատրսատ է առանձին քննարկելու և առջանձին լուծուներ գտելու տվյալ բիզնեսի համար»,-ասաց նախարարը։
Նա շեշտեց, որ անցնող հինգ տարիների ընթացքում երկրի ղեկավարի, կառավարության ջանքերն ուղղված են սիրիահայհերի հասարակության մեջ ինտեգրմանը և այս ցուցահանդեսը ևս դրա ապացույցն է. «Մենք փորձում ենք տնտեսական ինտեգրումն արագացնել և անել ծրագրեր, որոնք կարող են մեծ օգուտ բերել փոքր և միջին բիզնեսը զարգացնելուն: Չկա մի ոլորտ, որտեղ սիրիահայերի համար դռներ չեն բացվում։ Մեր հայրենակիցները հիմնականում որոշել են հաստատվել հայրենիքում, ոչ լքել: Ժամանակավոր դժվարությունները լուծելի են քայլ առ քայլ, ժամանակ է պետք, իսկ այդ ժամանակն աշխատում էի օգուտ, այլ ոչ ի վնաս իրենց»:
Հարակից հրապարակումներ`
- «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում». բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը շարունակվում է
- «Ինձ հիացնում է սիրիահայերի ճաշակը»
- «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում». բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ
- Ամուսնուս հետ ձեռք ձեռքի տված մեր գործն ենք սկսում այստեղ. հալեպահայ տիկին Յոլանդ (լուսանկարներ)
- «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում», ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ Երևանում (լուսանկարներ)
- «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառը` Սուրբ Հարության տոնին
- Սփռոցներ, զարդեր, նկարներ, անուշեղեն, համեմունքներ` սիրահայերի ցուցահանդես-տոնավաճառը
- «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառն` այսօր
- Հրանուշ Հակոբյան. Սիրիահայերն աչքի են ընկնում որպես բարեխիղճ և լավ աշխատողներ բոլոր ոլորտներում