Դուխով գնացեք առաջ. վարչապետ՝ գյուղատնտեսության նախարարին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգը»:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ հաշվի առնելով տարեցտարի տարերային, տեխնածին և կլիմայի փոփոխության հետ կապված աղետների քանակի և ինտենսիվության աճը, ինչպես նաև դրանց կողմից տնտեսության տարբեր ճյուղերին՝ հատկապես գյուղատնտեսությանը հասցված զգալի կորուստներն ու վնասները, անհրաժեշտություն է առաջացել լուծումներ ու մոտեցումներ գտնել աղետների կառավարման, կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման և վաղ ազդարարման ուղղությամբ:
Նախարարի խոսքերով՝ հայեցակարգը ելակետ պետք է հանդիսանա գյուղատնտեսությունում բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հստակեցման և նպատակային ծրագրերի իրականացման համար:
«Նախագծի ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը, տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության նվազմանը, հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը և արդյունքում՝ կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Ավարտելով խոսքը՝ նախարարը նշեց, թե երկար թվարկեց, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ արձագանքեց. «Չէ, երկար չեք ասում: Ուղղակի շատ լավ բան եք նախատեսել, այս միջոցառումների մեջ մտնում է ապահովագրումը, ոռոգման համակարգի բարելավումը, կարկտապաշտպանական միջոցների, հողատեսքերի հակահեղեղային պաշտպանությունը, սերմնաբուծությունը: Վստահ եմ՝ լավ, շատ խելոք համակարգ է: Պարոն Տոնոյանի հետ համագործակցում եք, կանխատեսումները, պրագնոզները, տեխնիկան, մենք այնտեղ լիքը-լիքը բարելավելու բան ունենք: Ձեզանից ակնկալում ենք որակապես փոփոխել այդ համակարգը»:
Իգնատի Առաքելյանը մեկ այլ որոշման նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում էր մի շարք գյուղացիական փակ բաժնետիրական ընկերություններ լուծարել: Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսական աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման շրջանակի ընդլայնմամբ:
Վարչապետը կրկին արձագանքեց. «Խոսքը հետևյալի մասին է. մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին, սակայն այդ համակարգը համարում ենք ոչ արդյունավետ, որովհետև կրթել-կրթել-կրթել է և վերջում առաջացել է 352 ֆերմեր ու կոոպերատիվ: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել է փայլել: Պայմանավորվեցինք»:
Այնուհետև Կարեն Կարապետյանն ավելացրեց. «Գյուղատնտեսության նախարարը համարձակ բարեփոխումներ է սկսել և կառավարությունն իրեն աջակցում է: Դուխով գնացեք առաջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա