Ակնհայտ է, որ Նիկոլը ֆալշ էր երգում. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որպես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու, հետևում է ավագանու ընտրություններին մասնակից ուժերի նախապատրաստություններին և ակնհայտ է համարում, որ ՀՀԿ-ից բացի մյուս երկու ուժերն արդեն իսկ սկսել են իրենց քարոզարշավը: Նման տեսակետ նա հայտնեց այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Սակայն չեմ ուզում լծվել այն աշխատանքին, որ ենթադրում է քարոզարշավից առաջ քարոզչական բնույթի հայտարարություններ անել: Մինչև ապրիլի 21-ը՝ մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը թույլ տվեք քարոզչության վերաբերյալ գնահատականներ չտալ: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ Ազգային ժողովում մենք հնարավորություն կունենանք Նիկոլ Փաշինյանի և այլ քաղաքական գործիչների հետ օրինաստեղծ աշխատանք կատարել»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հաշվի առնելով երաժշտական ունակությունները՝ հնարավո՞ր է, որ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար երգ գրի (երեկ համացանցում տարածվեց վերջինիս՝ Երևան-Էրեբունի երգի կատարումը): Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նկատեց՝ եթե երաժշտական փաթեթավորման կարիք լինի, ինքը կգտնի այն մարդկանց, ում կարող է փոխանցել սեփական էմոցիաները՝ բանաստեղծության և երաժշտության տեսքով:
«Ես երաժշտական կրթություն չունեմ, բայց ակնհայտ է, որ Նիկոլը երեկվա տեսահոլովակում ֆալշ էր երգում: Ողջունելի է, երբ մարդն անկաշկանդ է և կրեատիվ է: Գովեմ՝ կասեն «Ելք»-ն իշխանությունների պրոեկտն է»,- կեսկատակ հավելեց նա:
Արմեն Աշոտյանը նշեց նաև՝ իր համար շատ ուրախալի է, որ Երևանի քաղաքապետի բոլոր երեք թեկնածուները երիտասարդ են և ավյունով լի:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում