ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտերնետային նորացված կայքը՝ նաև մտս.հայ հասցեով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր պաշտոնական կայքի նորացված տարբերակը, որն արդեն հասանելի է նաև հայատառ տարբերակով՝ մտս.հայ: Կայքն ունի ճկուն կառուցվածք, որը հարմար է նաև սմարթֆոններից և պլանշետային համակարգիչներից օգտվողների համար,-տեղեկացնում է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայքէջը կառուցված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գերժամանակակից պլատֆորմի հիման վրա, ինչը թույլ է տալիս ապահովել ներբեռնման ավելի բարձր արագություն: Կայքի ծրագրային և կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են շուկայի պահանջներին առավալագույնս համապատասխանելու և կայքի հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությամբ:
Վերափոխվել է նաև կայքի բովանդակային կառուցվածքը. այն առավելագույնս պարզեցվել և համապատասխանեցվել է բաժանորդների կարիքներին՝ բազմաբնույթ ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկություններն առավել հեշտ փնտրելու և բաժանորդին դրանք առավել ընդգրկուն և հասկանալի ձևով մատուցելու համար: Նոր կառուցվածքում հաշվի է առնված ծառայությունների և ապրանքատեսակների պահանջարկը՝ ըստ շուկայի սահմանած առաջնահերթությունների, ինչպես նաև՝ փնտրվող տեղեկությանը հասնելու համար քայլերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:
Նորացված կայքէջն առցանց վճարումների ընդլայնված հնարավորություններ է ընձեռում ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատուցած, այլև տարատեսակ այլ ծառայությունների համար՝ անհամեմատ արագ և ապահով եղանակով: Կայքի միջոցով գործառնությունները հասանելի են օպերացիոն տարբեր համակարգերից օգտվող օգտատերերի համար:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի hիմնովին թարմացված կայքը նաև մտս.հայ հասցեով հասանելի դարձնելով՝ ընկերությունը հերթական քայլն է կատարել՝ համացանցում հայերենի կիրառումն առավելագույնս խրախուսելու ուղղությամբ: Ուրախ կլինենք ծանոթանալ մեր վիրտուալ այցելուների դիտարկումերին՝ հետադարձ կապի համար նախատեսված՝ «Ունե՞ք հարցեր» բաժնում: Նորացված կայքն ընձեռում է առավել լայն հնարավորություններ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև առցանց ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ, արագ և անվտանգ դարձնելու համար», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: