Ներկրվող գյուղատնտեսական ապրանքները պետք է փոխարինել տեղականով. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելուն:
«Բազմիցս բարձրաձայնել ենք ներկրվող ապրանքները մրցունակ և որակյալ տեղական արտադրանքով փոխարինելու մեր որդեգրած քաղաքականության մասին: Նշվածը վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսության: Գյուղատնտեսության նախարարություն իրականացրած մեր աշխատանքային այցի արդյունքում վերհանվել է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ այն է հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը և տեղական սերմնաբուծությունը, համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումը և այդ ոլորտի համակարգումը»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը, կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ, հստակ հաշվարկելով դրանց ներկրվող ապրանքներին փոխարինելու դեպքում հատկացվող ծախսերի համեմատականը: Նա նաև նշեց, որ, ըստ անհրաժեշտության աշխատանքներին ներգրավել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնագետներին:
Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց նաև համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանում հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրության ուղղությամբ հնարավոր ներդրումային ծրագրի ամբողջական փաթեթ և ըստ անհրաժեշտությանկառավարության որոշման նախագիծ:
«Այդ երկու ոլորտն էլ շատ տրամաբանական, շահութաբեր, հասկանալի բիզնես են: Ընթացքում պետք է խոսենք մասնավոր հատվածի հետ, չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի: Միաժամանակ, բոլոր այն ՊՈԱԿ-ները, որոնք ունենք բիզնես բաղադրիչ, քննարկում ենք՝ կառավարումը հանձնել մասնավորին»,- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին