Սպորտաձևերը կոչված են միավորելու ազգերին և ոչ թե պառակտելու. ՈՒԵՖԱ-ի նախագահ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինին` ուղեկցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով ֆուտբոլի և առհասարակ սպորտի կարևոր դերակատարությանը ազգերի միջև փոխճանաչողության և համերաշխության հաստատման գործում, ցավով նշել է, որ այսօր որոշ ուժերի կողմից այն նաև քաղաքական շահարկումների թիրախ է դառնում: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր ցավակցությունն է հայտնել ՈՒԵՖԱ-ի նախագահին նախորդ օրը գերմանական ֆուտբոլային ակումբներից մեկի դեմ գործված ահաբեկչության առիթով: Դատապարտելով կատարվածը` Վեհափառ Հայրապետն ընգծել է, որ պետական և հասարակական կառույցները պետք է ամեն ջանք գործադրեն` զերծ պահելու սպորտը նման բռնարարքներից:
Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ՈՒԵՖԱ-ին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` համատեղ ջանքերով Վաղարշապատում ֆուտբոլի ակադեմիա հիմնադրման և այն համապատասխան մարզադաշտով օժտելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար:
Զրույցի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նույնպես ընդգծել է, որ սպորտաձևերը և մասնավորապես` ֆուտբոլը, կոչված են միավորելու ազգերին և ոչ թե պառակտելու: Նա շեշտել է, որ ֆուտբոլը կարևոր նշանակություն ունի երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործում և նրան ետ է պահում տարբեր անցանկալի, մեղսալի երևույթներից:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին
- «Հիացած եմ հայերով». ՈՒԵՖԱ-ի նախագահ
- Էջմիածինը շուտով ֆուտբոլի ակադեմիա կունենա