«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը ՍԴ-ում կպաշտպանեն Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր ժամը 16:00-ին կդիմի Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ ՀԱԿ փաստաբանները կլինեն Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը, ով վաղը Միացյալ Նահանգներից կժամանի Հայաստան:
Արամ Մանուկյանը հայտնեց, որ իրենք հավաքել են բավականաչափ նյութեր և դեռ շարունակում են հավաքել:
«Ըստ այդ նյութերի՝ մեր երկրի բնակչության շուրջ 5%-ը կույր է, քանի որ նրանց փոխարեն ուրիշներն են քվեարկել: Կա տեղամաս, որտեղ մարդկանց 25%-ը օգնությամբ է քվեարկել, գյուղերից մեկում էլ օգնել են 130 հոգու, իսկ «ամենակայֆն» այն է, որ հոգեբուժարանում բոլոր հոգեկան հիվանդները Հանրապետականին քվեարկել են 100 տոկոսով»,- ասաց Արամ Մանուկյանը:
Այսպիսով, ըստ նրա, Սահմանադրական դատարան դիմել են երեք բլոկով: Առաջինը՝ վարչական ռեսուրի կիրառում, որը երբեք այսքան չէր եղել: Արամ Մանուկյանի խոսքերով՝ դրան ներգրավվել են բոլոր պետական հիմնարկները, դպրոցները:
Երկրորդը՝ ընտրակաշառքի բլոկն է, երրորդը`վերահսկողության մեխանիզմները:
«Այս պահին արձանագրել ենք 150 տեղամասում վերահսկողության 500 դեպք: Դա համատարած էր և ամենաշատն է վնասել քաղաքացիների ազատ քվեարկությանը»,-նշեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ կան նաև 2000 տեղամասերում արված նկարահանումներ:
ՀԱԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ լրագրողների հանդեպ բռնությունները ևս տեղ են գտել բողոքում:
Այսպիսով, Արամ Մանուկյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարան ներկայացվող փաթեթը բավականաչափ ծավալուն է:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին