Հայաստանի և Չինաստանի միջև ՊՆ համագործակցության ծրագիր է ստորագրվել
Չինական կողմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ու մանրամասնում, որ ապրիլի 11-ից 14-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այցի ավարտին ՉԺՀ բարձրաստիճան պատվիրակությանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլյունի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման և նոր ոլորտների ներգրավվման կարևորությունը:
Հանդիպման ավարտին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և դերծովակալ Գուան Յուֆեյը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՉԺՀ պաշտպանության նախարարության միջև 2017թ. համագործակցության ծրագիրը: