Հարկեր վճարելուց խուսափող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրականացվելու են շատ խիստ հսկողական միջոցառումներ. ՊԵԿ
Ծախսերի ուռճացման, թաքցվող շրջանառության, գների թերհայտարարագրման, ՀԴՄ շահագործման կանոնների խախտման ռիսկերը բացահայտելու նպատակով այսուհետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվելու անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ,- ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:
Նրա խոսքով՝ անփաստաթուղթ ապրանքաշրջանառությունը բացառելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվելու առևտրի կազմակերպման վայրերում: Ընդ որում, ՀԴՄ կտրոնը չի համարվելու ուղեկցող փաստաթուղթ։
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը վստահեցրել է, որ կոմիտեն մշտապես դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ իրականացնելով հասցեական հսկողություն՝ բոլորի համար ապահովելով հավասար մրցակցային միջավայր. «Հարկեր վճարելուց չարամտորեն խուսափել շարունակող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես խոստացել էինք, առաջիկայում իրականացվելու են շատ խիստ հսկողական միջոցառումներ»:
Միաժամանակ Կարեն Բրուտյանը վստահեցրել է՝ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու օրինապահ հարկ վճարողների գործունեությանը:
Հարակից հրապարակումներ`
- «Օրինապահի» կարգավիճակ՝ 20 հարկ վճարողի. ՊԵԿ
- Բազմաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել մեղմ վարչարարությունը և թույլ են տվել խախտումներ. վարչապետ