Նախագահը Բիշկեկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը
Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բիշկեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և միաձայն որոշում կայացրել ս.թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Գրիգորիի Խաչատուրովին: Պետությունների ղեկավարները նաև որոշում են կայացրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգևատրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության 1-ին կարգի նշանով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, ընդունվել մի շարք լրացուցիչ կարգադրություններ անվտանգության սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրովը՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար
- ՀՀ Նախագահ. ԵԱՏՄ պետությունների հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15%-ով
- Սերժ Սարգսյանը և Իգոր Դոդոնը քննարկել են հայ-մոլդովական համագործակցության օրակարգը
- Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան