«Եվրատեսիլ»-ի Գերմանիայի ներկայացուցիչը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինան մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի ուղեկցությամբ այսօր՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, այցելել է Ծիծեռնակաբերդ:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Գերմանիայի պատվիրակը հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ է դրել ու մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
«Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչ Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ Լևինան Հայաստան է ժամանել ապրիլի 13-ին և արդեն հասցրել է այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է վերջերս բացված «Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, նվագել քանոն, լսել նվագարաններով ազգային-ժողովրդական կատարումներ:
Գերմանիայի պատվիրակը հանդիպել է նաև եվրատեսիլյան երկրպագուներին ու հարցազրույցներ տվել հայաստանյան լրատվամիջոցներին: