Հիշվող ծննդյան օր չի ունեցել, որի մասին պատմեր մեզ. Սահյանի որդին է կիսվում
«Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։
Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն…»,- Համո Սահյանի մասին գրել է Վահագն Դավթյանը:
Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է՝ 1914 թվականի Սիսիանի շրջան (այժմ՝ Սյունիքի մարզ), Լոր գյուղ։
«Առավոտյան գնացել եմ շիրիմին, շատ մարդիկ էին եկել՝ Սահյանի պոեզիայի սիրողները, մտավորականներ, աշակերտներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը:
Նա պատմեց, որ հայրը երբեք չէր պլանավորում, թե ինչպես պետք է անցկացնի իր ծննդյան օրը. «Օրը կսկսվեր, ոնց գնար, այդպես գնար: Պաշտոնական միջոցառումներ չէր սիրում: Ընկերներ էին գալիս, ծանոթները: Ծանր մանկություն, պատանեկություն է ունեցել: Հիշվող ծննդյան օր չի ունեցել, որի մասին պատմեր մեզ»:
1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։
Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (յան) համատեղումով։
Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։
Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։
Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը․
1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։
Սահյանը գրել է նաև հայրեններ, թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Արսենի Տարկովսկու, Գարսիա Լորկայի և այլ բանաստեղծների գործերից: Սահյանի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։
1998 թվականին հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն։
«.... Այդ մարդը նախաստեղծորեն ինքնաբավ է, ինքնակա, կատարյալ, քո սիրո, լույսի ու քո գաղափարների մերձավորության կարիքը ամենևին չունի. քո վերաբերմամբ որևէ պահանջ եթե այնուամենայնիվ ունի - իրենից քո հեռանալու, առաքյալի քո որոգայթներից իրեն դուրս թողնելու, պարոնտիրոջ սիրո քո ողորմությունից իրեն ազատելու պահանջը, քանի որ քո մերձավորությունն իրեն դառնացնում է, աղարտում, աղավաղում ու ոչնչացնում, ինչի վկայությունն այսօր երեքհարյուրմիլիոնանոց այս քանդուքարափ հանրակացարանն է։ Եվ եթե քեզնից իր նկատմամբ մի վերաբերմունք հայցվում է - պատկառանք իր կատարելության առաջ։
Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ։ Եվ որովհետև հաճախ թափոր ենք առանց դրոշի և ավելի հաճախ առաջնորդվում ենք ուրիշների սրբապատկերներով, Սահյանի գործը էականորեն կարևոր է...»,- գրել է Հրանտ Մաթևոսյանը:
«Հայ համայնքի հրավերով Ամերիկայում էինք։ Ի դեպ, ինձ բախտ է վիճակվել Համո Սահյանի և Վահագն Դավթյանի ընկերակցությամբ երկու անգամ կտրել ու անցնել Ատլանտյանը․..
Մի առավոտ , երբ մտա հյուրանոցի իրենց սենյակը, երկու ընկեր նստած զրուցում էին, խոսքով տարված՝ ինձ նույնիսկ չնկատեցին, մտածեցի՝ չխանգարեմ, դռան մեջ կանգնած՝ լուռ մնացի․մեկ էլ Սահյանը նայեց թևի ժամացույցին, տեղից վեր ելավ ու ասաց․
—Ա՛յ Վահագ, ժամը արդեն 9-ըն է, չնկատեցինք էլ ոնց անցավ ժամանակը, առավոտվա ժամը 6-ից խոսում ենք, գիտե՞ս, համա՜ թե խոսեցինք, էս ճամփորդությունների օգուտն էլ էն է, որ երկուսով ենք ու խանգարող, մեջ ընկնող չունենք, երրորդ մարդ չկա, այս օրերին մի կուշտ կզրուցենք, մինչև տուն գնալներս․․․
Ես, իբր վիրավորված մեջ ընկա․
- Բա ես մարդ չե՞մ, Համո Սահակիչ․
Սահյանը թե․
-Սիլվա ջան, դու մեզ երբեք չես խանգարել։ Գիտե՞ս, դու էլ ես մեր տարիքին, պարզապես ուշ ես ծնվել․․․»,- ֆեյսբուքյան իր էջում այս պատմությունը հիշել և լուսանկարը տեղադրել է սմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը:
Լուսանկարներ՝ տարբեր աղբյուրներից