«Մշակութային կանգառը» բացեց 70-ականներից չբացված Չինարիի մշակույթի տան դռները. Տիգրան Վիրաբյան
Այսօր Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի 100-րդ միջոցառումը։ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այնտեղ ելույթ կունենա «Հրեշը լուսնի վրա» ներկայացումով։
Մշակույթի անհամաչափ զարգացման, մշակութային կյանքի հասանելիության ապահովման նատակով իրականացվող «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարի 26-ից և ծրագրի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ 130 համայնքում կիրականացվի 426 միջոցառում՝ թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ։
«Մշակութային կանգառ» ծրագրի համակարգող Գարիկ Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ծրագրի երեք ամիսները տեղեկացրեց, որ հունվարից-մարտն ընկած ժամանակահատվածում ծրագիրն ունեցել է 1542 մասնակից։ Նշված ժամանակահատվածում հանդիսատեսի թիվը կազմել է 15246, վաճառքի դրված տոմսերի քանակը եղել է 12034, որոնցից փաստացի վաճառվել են 8743-ը։
«Տոմսերի համար նախատեսված է սիմվոլիկ 300-500 դրամ։ Սա նախարարության կողմից վարվող քաղաքականություն է, որպեսզի այս միջոցառումները լինեն վճարովի՝ մշակութային արտադրության ու ծառայությունների նկատմամբ վերաբերմունք ձևավորելու համար։ Ծրագրի նկատմամբ հանդիսատեսի շարժն ու հետաքրքրությունը նկատելի է, ինչի մասին է վկայում տոմսերի վաճառքի աճը երեք ամսվա ընթացքում»,-նշեց Նազարյանը։
Նրա խոսքով՝ «Մշակութային կանգառն» իր հետ բերելու է մշակութային ենթակառուցվածքների վերազինում ու վերակառուցում. «Բոլորս էլ գիտենք, թե ինչ վիճակում են մեր մշակույթի տներն ու կենտրոնները մարզերում և այս միջոցառումները պետք է բերեն այն փոփոխություններին, որոնք ակնկալում ենք։ Սա Հայաստանի ապագավառացման ծրագիր է»։
Հանդիպմանը ներկա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն էլ շեշեց, որ այս նախագիծը հնարավորություն տվեց բացելու 70-ականներից չբացված մշակութային օջախների դռներ։
«Մենք ելույթ ենք ունենալու Տավուշի մարզի Չինարի գյուղում, որտեղ վերջին անգամ 70-80-ականներին ցուցադրվել էր «Վրիժառու» ֆիլմը, անգամ պաստառն էր պահպանվել։ Մշակույթի տան հոսանքը բերել ենք հարևանի տնից և բոլորի օգնությամբ՝ գյուղապետ, գյուղացիներ վերանորոգել՝ ելույթ ունենալու համար։ Ելույթ ենք ունեցել նաև Արագածոտնի մարզի Օշական գյուղում, որը հրաշալի հանդիսատես ուներ։ Թալինում էլ թատերական որևէ էլեմենտի հետ կապ չունեցող դահլիճից ստացել ենք ներկայացում խաղալու հավուր պատշաճի դահլիճ»,-պատմեց Վիրաբյանը։
Նա նշեց, որ այս նախագիծն իրենց թույլ տվեց տեսնել շատ խնդիրներ։
«Մենք «Մշակութային կանգառն» այս տարով սահմանափակելու իրավունք չունենք, քանի որ հանրային պահանջը շատ մեծ է։ Պետք է կարողանանք այս ծրագիրը շարունակական դարձնել։
Մարզերում, ամենահեռավոր գյուղերում ապրող հանդիսատեսը գիտի և դասական երաժշտություն լսել, և բարձրաճաշակ ներկայացումներ նայել, պետք չէ թերագնահատաել նրանց։ Խնդիրը մերն է, որ այսքան ժամանակ նրանց չենք մոտեցել։ Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ մեծանում է 15-20 տարեկան երիտասարդ, որն իր կյանքում ներկայացում չի տեսել, մեծ էկրանով ֆիլմ չի դիտել։ Ոչ ոք մեղավոր չէ, որ մայրաքաղաքում չի ծնվել, այլ հեռավոր գյուղում։ Այս ծրագրով կկարողանանք այդ խնդիրը լուծել։ Սա մեր հոգու պարտքն է։
«Մշակութային կանգառը» գյուղերում ապրող մարդկանց ստիպել է ևս մեկ անգամ թարմացնել իրենց զգեստապահարանը, ևս մեկ անգամ գյուղում ապրող մարդը երեկոյան միջացառում գնալու համար զգեստ է ընտրել։ Ես ամաչում եմ, քանի որ մենք հասցրել ենք այն մակարդակին, որ մարդը մտածում է՝ ինչպես կարող է մի ամբողջ պետական թատրոն 150 հոգանոց գյուղի համար գնալ հասնել և ներկայացում խաղալ։ Պետք է նրանց միջից հանենք այդ մտածելակերպը, պետք է հասկանան, որ իրենք ՀՀ լիիրավ քաղաքացի են և մշակույթն առաջնահերթ ծառայելու է հեռավոր մարզում բնակվողներին, ովքեր առաջնամարտիկի պես սահման են պահում»,- մանրամասնեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։
Գարիկ Նազարյանը հավելեց, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 40 տարի ելույթ չէր ունեցել Արցախում, և ապրիլի 6-ին «Մշակութային կանգառի» շրջանակում ելույթ ունեցավ Ստեփանակերտում։
Լուսանկարները տրամադրել է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Մշակութային կանգառ». մեկնարկում է Կոմիտասի անվան քառյակի մարտ ամսվա հյուրախաղերը
- «Մշակութային կանգառ»՝ Հայաստանում և Արցախում