Ծառերը հատած Սամսոնյանի փաստաբանը հույս ունի՝ դատարանը կալանքի որոշում չի կայացնի
Քիչ հետո Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի «Դելֆին» լողավազանի տնօրեն Ա. Սամսոնյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Երեք օր առաջ ձերբակալված Սամսոնյանն այսօր ազատ է արձակվել:
Հիշեցնենք, նա ձերբակալվել էր Դավթաշեն վարչական շրջանում բարդիներ հատելու համար:
Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը Panoramna.am-ի հետ զրույցում իր պաշտպանյալի ձերբակալությունը, կալանավորման միջնորդությունը անհիմն որակեց:
«Ծառերի հատում, ըստ էության, տեղի չի ունեցել: Խոր էտումը շփոթում են հատման հետ: Փորձագետի եզրակացություն մեր ձեռքի տակ չկա՝ արդյոք էդ ծառերը աճելո՞ւ են, թե՞ չէ»,-ասաց փաստաբանը:
Ա. Մելքոնյանի խոսքով, ծառերից երեքին իր պաշտպանյալն ընդհանրապես ձեռք չի տվել, ծառերը 20 տարի առաջ Սամսոնյանն է տնկել, դրանք որևէ մեկի բալանսում չեն եղել:
«20 տարի խնամել է, հերթական էտն է արել: Բացի այդ, փոխհատուցման գումարի չափը ճիշտ հաշվարկված չէ: 2 մլն 850 հազար դրամ են գնահատում, երբ ընդամենը 285 հազար դրամ պետք է լինի: Ծառերի բնական աճը չի դադարել»,-ասաց նա:
Նրա խոսքով, Սամսոնյանի բարեկամներին ու հարազատներին ինքը խնդրել է հսկել ծառերը, որպեսզի ինչ-որ մեկը դրանք արմատախիլ չանի, հետագայում կարողանան ապացուցել, որ դրանք կանաչելու են ու ծաղկելու:
Փաստաբանը կարծում է, որ դատարանը չպետք է բավարարի կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը. «Հուսով եմ, դատարանն իր բարձրության վրա կգտնվի: Չորս երեխա ունի իր խնամքին, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մայր, 3 բարձրագույն կրթություն ունի, 10 հազար ծառ ունի տնկած, ամբողջ կյանքը բնության համար պայքարած մարդ է, նախկինում դատված չէ»:
Փաստաբանը այս գործում մեղադրում է լրագրողներին, ովքեր, իր կարծիքով, սխալ տեղեկություններով ռեպորտաժներ են պատրաստել ու լուրեր տարածել հասարակության մեջ. «Տարեք էդ մարդուն գնդակահարեք, թող մի քանիսը բավարարվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Դավթաշենում ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին
- ԲՆ պարզաբանումը՝ Դավթաշենում հատված ծառերի մասին
- Հայտնաբերել են Դավթաշենում 23 բարդիները հատողին
- Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է. Տարոն Մարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները