«Ես դարձել եմ հայ ժողովրդի իսկական բարեկամը». ԵԽ պատգամավոր
«Կրթության ոլորտում միջազգային իրավունքի նշանակությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում, որովհետև աշխարհը գնալով փոքրանում է, և պետությունների ու ազգերի միջև հարաբերությունների կարգավորման համար առավել մեծ նշանակություն է ստանում միջազգային հիմնարար իրավունքի դրսևորումը»,- այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ ընդունելով մասնավոր այցով Հայաստանում գտնվող լեհ դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, Վարշավայի պետական համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, ԵԽ պատգամավոր Կարոլ Կարսկուն։
ԿԳ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը նախարարը նշել է. «Հայ ժողովուրդը կոնֆլիկտ ունի հարևան Ադրբեջանի հետ, որի հիմքում ընկած է միջազգային իրավունքի տարաբնույթ մեկնաբանությունը: Բայց մենք, ինչպես նաև լեհ ժողովուրդը, անցնելով պատմական դժվարին ճանապարհ, վստահ ենք, որ կան հիմանարար արժեքներ, որոնց վրա հիմնվում են միջազգային հարաբերությունները: Այս տեսանկյունից ես համոզված եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար են եղել մեր ուսանողների համար»։
Լեհ պրոֆեսորի խոսքով՝ Հայաստանն իր համար հարազատ վայր է դարձել, և ամեն անգամ, այստեղ գալով, իրեն զգում է բարեկամական միջավայրում:
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ այցելելն ու դասախոսություններ կարդալը ինձ համար շատ հաճելի է: Ես դարձել եմ հայ ժողովրդի իսկական բարեկամը».- նշել է Կ. Կարսկին՝ հավելելով, որ ինքն Հայաստան է այցելել տիկնոջ հետ, ով նույնպես միջազգային իրավունքի մասնագետ է և այս օրերին դասախոսություններով է հանդես եկել Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում:
Կարսկին Հայաստանում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հրավերով և բուհում հանդես է եկել «Ազգային և միջազգային օրենքների միջև փոխհարաբերությունը» թեմայով դասախոսությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները