«#ՀեռուԳոշից». արշավական-ակտիվիստների բողոքի ակցիան բնապահպանության նախարարի ելույթի ժամանակ
Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացվում է «Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2017»-ը, որի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց: Համաժողովի ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ մի խումբ ակտիվիստներ, ովքեր վերջին օրերին բարձրաձայնում են Գոշ լճի հարակից տարածքում իրականացվող ապօրինի հողային աշխատանքների մասին, սկսեցին գոռալ՝ «Հեռու Գոշից», «Հեռու Գոշից»: Այնուհետև նախարարի հրավերով առանձին դահլիճում հանդիպում կայացավ ակտիվիստների հետ:
Նախարարն ասաց, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու «Գոշ լիճ» տեղամասից` պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 2015 թ, հունիսի 23-ին կնքված պայմանագրի, օգտագործման է տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին:
«Պահանջ է դրված եղել, որ ցանկացած ծրագրի, մեծ գաղափարի իրականացումից առաջ պետք է իրականացվի էկոփորձաքննություն: Նաև մի շարք պահանջներ է դրված նրանց առաջ՝ շրջակա միջավայրի էկոհամակարգերը անվնաս պահելու համար: Քանի ծրագիր չի ներկայացվել, փորձաքննություն չի անցել, քննարկումներ չեն իրականացվել, այնտեղ որևէ աշխատանք չի կատարվի»,- ասաց Ա. Մինասյանը:
Նա նշեց, որ այն, ինչ կատարվել է այդ տարածքում, կազմակերպության կողմից հիմնավորվում է որպես լճի որոշակի հատվածների տիղմի մաքրում:
««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից կասեցված է աշխատանքները, նաև ձեր քաղաքացիական ակտիվ դիրքորոշման շնորհիվ: Կասեցված է ցանկացած աշխատանք, մինչև չմշակվի ծրագիր, չանցնի մանրամասն փորձաքննություն, մինչև չանցնի հանրային լայն քննարկումների շրջափուլը, չլինի դրական եզրակացություն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հիմա ծառայողական քննություն է նշանակվել, թե ով է անտեսել պահանջն ու այդ գործընթացները չանցած՝ սկսել աշխատանքներ:
«Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի՝ ինչ է արվում, ինչ ազդեցություններ կարող է ունենալ, ոչ թե՝ ով է անում»,- ընդգծեց Ա. Մինասյանը:
Նախարարն ասաց, որ ինչ արվել է լճի տարածքում, վերականգնվող է, այսինքն հանված տիղմը կվերականգնվի:
«Ես կարդացի նաև լճի իջեցման մասին: Այդպես չէ: Այս շրջանում գարնանային անձրևային եղանակին այն նորից կվերականգնվի»,- նշեց նա:
Նախարարի խոսքով, այդ տարածքում հիմնական շինություն կառուցելը, մշտական շինության գոյությունը բացառված է:
Արծվիկ Մինասյանն ու ակտիվիստները պայմանավորվեցին կրկին հանդիպել ապրիլի 22-ին:
Նշենք նաև, որ նախօրեին ևս արշավական երիտասարդները հավաքվել էին բնապահպանության նախարարության շենքի մոտ՝ նույն պահանջով։
Լուսանկարները և տեսանյութը՝ արշավական-ակտիվիստ Հայկ Մարկոսյան ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան