Արծվիկը եվրատեսիլյան բեմում կլինի 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիևի բեմում կլինի 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ: Առաջին ալիքի hասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի քննարկված և սիրված ելույթի բեմադրության հեղինակն էր:
Սաշա Ժան-Բապտիստի խոսքով՝ ինքը տպավորվել է Արծվիկի ձայնի հզորությունից և տեմբրի գեղեցկությունից, երբ առաջին անգամ հնարավորություն է ունեցել լսելու եվրատեսիլյան երգը: «Ինձ գերեց նրա հմայքը, կանացիությունը և անկեղծությունը: Իսկ երբ լսեցի երգը, հասկացա որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով»,- նշեց նա՝ հավելելով, որ սպասվելիք բեմադրությունը հնարավոր է բնութագրել երեք բառով՝ ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արծվիկի հետ բեմում պարողները կլինեն Մարլեն Լինդալը և Ֆաննի Սվենսոնը, ովքեր Արծվիկի եվրատեսիլյան թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը և Վիկտորիա Պողոսյանը: «Սա միջազգային նախագիծ է. պարողների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, Արծվիկի հետ՝ Հայաստանում, իսկ Կիևի բեմը մեզ բոլորիս կմիավորի»:
Սաշայի խոսքով՝ Հայաստանի համար աշխատելը մեծ պատիվ և բավականություն է պատճառում իրեն, քանի որ հայկական եվրատեսիլյան պատվիրակությունը առաջադեմ է, համարձակ և հավակնոտ:
Հարակից հրապարակումներ`
- Guardian. «Քաղաքականությունը մշտապես եղել է «Եվրատեսիլ»-ի հոմանիշը»
- «Եվրատեսիլ»-ի Գերմանիայի ներկայացուցիչը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին
- ԵՀՄ-ն պաշտոնապես հաստատել է՝ ՌԴ-ն չի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին
- Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո