Ռոնալդուն հերքել է Der Spiegel-ի մեղադրանքները բռնաբարության մասին
Մադրիդի «Ռեալի» և Պուտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն գերմանական Der Spiegel-ում հայտնված տեղեկատվությունը, որտեղ նշված է, որ ենթադրաբար նա մեղադրվել է բռնաբարության մեջ, համարել է «լրագրողական երևակայություն» և հայտարարել է «բոլոր միջոցներով» թերթի դեմ հանդես գալու մտադրության մասին:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նախօրեին Der Spiegel-ը գրել էր, որ Ռոնալդուն 2009 թ. Լաս Վեգասում հանգստի ժամանակ հանցանք է կատարել: Աղբյուրի տեղեկատվության համաձայն, նա բռնաբարել է 20-ամյա աղջկա, իսկ 2010 թվականի հունվարին ֆուտբոլիստի պաշտպանական կողմը 375 հազար դոլար է վճարել է տուժածին, ում անունը չի հրապարակվում: Ստորագրված պայմանագրի համաձայն, կողմերը համաձայնության են եղել չհրապարակել մանրամասները, իսկ տուժող կողմը հրաժարվելու է մեղադրանքից:
«Տվյալ տեղեկատվությունը լրագրողական երևակայության մաս է: Ամբողջ սյուժեն հիմնված է չստորագրված փաստաթղթի վրա, որտեղ պայմանագրի կողմերը նույնականացված չեն, էլեկտրոնային նամակագրությունը վարում են փաստաբանները, ովքեր չեն ներկայացնում Ռոնալդուի շահերը: Երևակայական նամակը, որը ուղարկվել է ենթադրյալ զոհի կողմից, նա երբեք չի ստացել: Der Spiegel-ի տեղեկատվությունը սուտ է, Ռոնալդուն հանդես կգա Der Spiegel-ի դեմ բոլոր միջոցներով, որոնք ունի իր տրամադրության տակ»,- ասված է ֆուտբոլիստի հայտարարության մեջ, որը ներկայացված է նրա գործակալի կայքում:
Առաջին անգամ չէ, որ Ռոնալդուին մեղադրում են սեռական հանցագործության մեջ: 2005 թականին լինելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող, ձերբակալվել էր երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով, բայց ազատ է արձակվել գրավով: Ավելի ուշ բոլոր մեղադրանքները հանվել էին: