Կկայանա Արզաս Ոսկանյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
Արամ Խաչատրյան համերգասրահում վաղը տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, կոմպոզիտոր, երգիչ Արզաս Ոսկանյանի 70-ամյակին նվիրված հեղինակային երեկոն:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերին հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարարության փողային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Ա. Պողոսյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Տ. Հեքեքյան), ԵՊԿ «Պատարագ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Մ. Ոսկանյան), «Ծովաշար» քանոնների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Ծ. Հովհաննիսյան), «ԱԿՆ» լարային քառյակը, «Սրինգ» համույթը (գեղարվեստական ղեկավար` Ա. Ոսկանյան), «Արմի» դաշնամուրային տրիոն, ինչպես նաև մենակատարներ` Ա. Լևոնյանը, Ա. Սնեցունցը, Ա. Ավետիսյանը, Ա. Ավագյանը, Ն. Արշակյանը:
Ա. Ոսկանյանը ծնվել է 1947թ. հունվարի 2-ին, ՀՀ Դիլիջան քաղաքում: Սովորել է տեղի երաժշտական դպրոցի թավջութակի դասարանում, երգել դպրոցական էստրադային նվագախմբում, միաժամանակ նվագել է փողային նվագարանների վրա: Հետագայում ուսումը շարունակել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) երաժշտական ուսումնարանի թավջութակի և վոկալ դասարաններում: Ուսումնարանի երրորդ կուրսից ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ, ապա` կոմպոզիտորական բաժիններ, որն էլ ավարտել է 1976թ. և դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1973թ-ից եղել է Հայհամերգի մենակատար: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: 1975-78թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, 1978թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1992թ-ից ամբիոնի վարիչ է (1996թ-ից՝ պրոֆեսոր): Հավաքել և մշակել է շուրջ 2000 հայկական ժողովածուներ երգեր ու մեղեդիներ: Գրել է Կոնցերտ թառի և ժողովորդական նվագախմբի համար, «Նարեկացու 3 ընթերցում» ձայնի և երգեհոնի համար, «Երեք հայրեն» (ըստ Նահապետ Քուչակի) ձայնի և ջութակի համար, «Երեք երգ Իսահակյանի խոսքերով» դուդուկների և դհոլի նվագակցությամբ, «Եռերգություն ժողովրդական թեմաներով», կամերային-գործիքային երկեր, քառաձայն պատարագ և այլն: Հանդես է եկել նաև ժողովրդական և հոգևոր երգերի կատարումներով: 1990-ական թվականներին ստեղծել է «Պատարագ» խոշորածավալ ստեղծագործությունը, որի վրա աշխատել է ութ տարի`1995-2003թթ, որի համար 2003թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: