Ինձ համար ուրախություն է տեսնել, որ հայրենիքում սպորտը զարգանում է. Վիգեն Էսկիջյան
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ 20 տարեկանների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը Հայաստանում է:Լիբանանահայ մարզիչը, նախքան բուն գործին անցնելն ուսումնասիրում է Հայաստանի բասկետբոլային աշխարհը: ՀԱՕԿ-ի կայքին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս ստացաք առաջարկը և ինչո՞ւ որոշեցիք ընդունել, նա ասել է. «Առաջարկը ստացա մի ամերիկահայից, որն օգնում է Հայաստանի հավաքականին: Ես ցանկանում էի աշխատել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ և սիրով ընդունեցի առաջարկը: Հայաստանը միշտ իմ սրտի մեջ է, և ցանկանում եմ օգտակար լինել հայրենիքին ինչպես կարող եմ:
Պատասխանատու աշխատանք է: Մ 20 տարեկանների հավաքականն ամենակարևոր թիմերից է: Հենց այստեղից են բասկետբոլիստները տեղափոխվում գլխավոր թիմ»:
Նա նշել է, որ մինչ այս հետևել է հավաքականի խաղերին. «Սփյուռքում մենք հետևում ենք Հայաստանի բոլոր մարզական իրադարձություններին: Ինձ համար ուրախություն է տեսնել, որ հայրենիքում սպորտը զարգանում է, հատկապես բասկետբոլը, որն իմ ուղղությունն է: Ուզում եմ` աշխարհում Հայաստանը ճանաչվի նաև որպես բասկետբոլի երկիր:
Մեր խաղացողները սփյուռքից են: Ես ճանաչում եմ ամերիկաբնակներին: Բոլորի հետ մշտական կապի մեջ եմ»:
Պատասխանելով հարցին, թե գիտեք և թիմի խաղը, և բասկետբոլիստներին, ի՞նչ խնդիրներ եք տեսնում, Վիգեն Էսկիջյանն ասել է. «Անշուշտ, խնդիրներ կան, և աշխատելու շատ տեղ ունենք: Մեր տղաների մեծ մասն ուսանողներ են, ամռանը դասընթացներ են ունենում, և դժվարություններ են առաջանում թիմով հավաքվելու համար: Ընտանիքից հեռու մնալ, ստանալ ծնողների համաձայնությունը, սրանք ևս որոշակի դժվարություններ են: Սակայն, բասկետբոլիստները սիրով են համաձայնել խաղալ հավաքականի կազմում: Կամքը կա»:
Այս տարի Մ 20 տարեկանների հավաքականը կմրցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում, ի՞նչ նպատակներ ունեք այդ մրցաշարի հետ կապված հարցին ի պատասխան, մարզիչն ասել է. «Իհարկե նպատակներ ունեմ, բայց չեմ ցանկանում արտահայտվել: Ես միշտ փոքր ծրագրեր եմ առաջ բերում, որ ավելին անենք: Հայաստանի համար նոր երեւույթ է նման մակարդակի մրցաշարերի մասնակցելը:
Յուրաքանչյուր խաղ ինձ համար կռիվ է եւ պետք է առանձնահատուկ մոտենալ: Խաղադաշտում ամեն վայրկյանը պայքար է լինելու մեզ համար: Հենց այս` պայքարի եւ նվիրումի կարգախոսով ենք մոտենալու ամեն խաղի: Կարծում եմ, այդ դեպքում արդյունքը չի ուշանա»:
Նա տեղեկացրեցլ է, որ հունիսի կեսին կհավաքվեն Հայաստանում և կսկսենք մարզվել, կփորձեն ստուգողական հանդիպումներ ունենալ: Նախատեսում են ընկերական մրցաշար անցկացնել 3-4 թիմերի մասնակցությամբ: Աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Վ. Էսկիջյանն ասել է, որ հավաքականում ունեն նոր խաղացողներ. «Մեր թիմը տարիքային սահմանափակում ունի, ըստ այդմ փոփոխություններ ունենք»: