Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
«Մեր ութ բռնցքամարտիկներից յոթը մեդալ նվաճեցին. իհարկե գոհ եմ տղաներից»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարի արդյունքները.
«Բացի գերծանր քաշային Դավիթ Չալոյանից, բոլորն էլ մրցանակային, այդ թվում երեք առաջին տեղեր զբաղեցրին: Վրաստանի մայրաքաղաքում անցկացված մրցաշարը բավականի ուժեղ կազմ էր հավաքել: Տանտերերը հիմնական կազմով մասնակցեցին, ժամանել էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի հավաքականները:
Այժմ կշարունակենք պատրաստվել հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Բռնցքամարտիկների մի մասը կշարունակի ինձ հետ մարզվել «Դինամոյում», մյուսները՝ տեղերում:
Մայիսի վերջին պլանավորում ենք մեկնել Վարշավա, որտեղ համատեղ հավաք և ընկերական մրցամարտ կունենանք Լեհաստանի հավաքականի հետ: Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,-նշել է Դավիթ Թորոսյանը:
Գլխավոր մարզիչը հավելել է նաև, որ մայիսին կկայանա պատանիների և երիտասարդների ՀՀ առաջնությունը: Ժամկետները պարզ կլինեն մոտ ապագայում:
Հարակից հրապարակումներ`
- Հայ բռնցքամարտիկները՝ ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիրներ
- Հայաստանի հինգ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար