Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին ամփոփ տեղեկագիր
Նախնական արդյունքներով ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ է քվեարկել ընտրողների 51.41, դեմ՝ 48.59 տոկոսը: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 85.3 տոկոս: Կողմ և դեմ քվեների միջև տարբերությունը կազմում է մոտ 2.8 տոկոս, ինչը կազմում է մոտ 1 մլն 260 հզ քվե:
«Այո»-ին կողմ են քվեարկել առավելապես Թուրքիայի կենտրոնական, սևծովյան նահանգներում: Ամենաշատ կողմ քվեարկած նահանգներն են Քոնիան, Սըվասը, Բայբուրթը, Էրզրումը, Աքսարայը, Ռիզեն, Գյումուշհանեն, Էրզրումը և այլն՝ միջինը մոտ 73 տոկոս կողմ:
Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, ինչպես նաև երկրի արևմտյան և հարավ-արևմտյան, միջերկրածովյան նահանգներում գերակշռել են «ոչ»-ի քվեները: Թուրքիայի 30 խոշոր քաղաքներից 17-ում գերակշռել են դեմ քվեները: Մեծամասամբ ոչ են քվերակել նաև Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում՝ Դիարբեքիրում, Շըրնաքում, Հաքքյարիում, Մարդինում, Վանում, Սղերթում, Աղրըում, ինչպես նաև ալևիաբնակ Թունջելիում:
Արտերկրում Թուրքիայի քաղաքացիների իրականացրած քվեարկության արդյունքներով ևս առաջատարը այո-ն է՝ մոտ 59 տոկոս ցուցանիշով: Մասնակցությունը կազմել է մոտ 48 տոկոս: 57 երկրում մոտ 2 մլն 972 հզ. ընտրողներից հանրաքվեին մասնակցել է մոտ 1 մլն 326 հզ. քաղաքացի: Սահմանադրական հանրաքվեի օգտին են քվեարկել Գերմանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը։ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Միացյալ Թագավորությունում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում, Իրաքում, Ալժիրում, Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում առավելապես դեմ են քվեարկել:
Ընտրությունների նախնական արդյունքների հայտնի դառնալուն պես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց վարչապետ Բինալի Յըլդըրըմին և սահմանադրական փոփոխությունների նախագծին աջակցություն հայտնած Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ դևլեթ Բահչելիին, մինչդեռ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին՝ բարձրաձայնելով կատարված խախտումների և ընտրակեղծիքների մասին, որոնք որոշիչ դեր են ունեցել հանրաքվեի արդյունքների վրա, ըստ այդմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելով մոտ 60 տոկոս քվեաթերթիկների վերահաշվարկ:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը խոստացել է քննարկել մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հարցը
- Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան