Տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի կունենա հայ մեծանուն քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Մշակույթի նախարարության աղորդմամբ, երեկոյին հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստներ` Առնոլդ Քոչարյանը, Սարգիս Աղամալյանը, Պերճ Քարազյանը, օպերային թատրոնի արտիստներ` Աննա Մնացականյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Վարսենիկ Ավանյանը, Սոֆիա Թումանյանը, Թամարա Դադոյանը: Ելույթ կունենան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը. դիրիժորներ՝ Ջանլուկա Մարչանո և Աթանես Առաքելյան, գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան:
Քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974–1988), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999), Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու) Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում: 1949 թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն: Կ. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: Կ. Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1974 – 1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար: Դեմիրճյանի ղեկավարության տարիներին հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա–Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս–Նուռնուս և Աղստաֆա–Իջևան–Հրազդան–Սևան–Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։
1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու–Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի–Քաջարան ավտոմայրուղին, Գորիս–Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։
1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվել է որպես Հանրապետության նախագահի թեկնածու։ 1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։
Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։
Լուսանկարները՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանի կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան