Հայաստանի 5 Ամերիկյան անկյունները կազմակերպել են «Թոմ Սոյերի արկածները» վեպի մարաթոնյան ընթերցանություն
Այսօր Հայաստանի հինգ Ամերիկյան անկյունները, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Չարենցավանում, միանալով Հայաստանի ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին, կազմակերպել են Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» դասական վեպի մարաթոնյան ընթերցանություն, որին մասնակցում էին մարդիկ երկրի բոլոր ծայրերից:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Միլսի և նրա տիկնոջ՝ Լի Քարթերի հետ, ով, ի դեպ, նախկինում գրադարանավար է եղել, մարաթոնյան ընթերցանությանը մասնակցել են տասնյակ համայնքային առաջնորդներ, գրողներ, գրականագետներ, գրադարանի այցելուներ և ուսանողներ: Մարաթոնը շարունակվել է ամբողջ օրվա ընթացքում, և ամեն մի ընթերցող 5 րոպե բարձրաձայն կարդալուց հետո հերթափոխը փոխանցում էր մյուսին: Տեսակամուրջի միջոցով մասնակցել են հյուրեր բոլոր 5 Ամերիկյան անկյուններից:
«Մարկ Տվենի պատմությունը ամերիկյան երազանքի պատմությունն է։ Սկսելով շատ քչից՝ նա դարձավ աշխարհահռչակ գրող, ում ստեղծագործությունները սիրված են ու ընթերցվում են ողջ աշխարհում, իսկ նրա հերոսները՝ Թոմ Սոյերը, Հեքլեբերի Ֆինը դարձել են ամերիկյան կյանքի ու ամերիկյան արժեքների՝ ազատության, ազդեցությունն ու հեղինակությունը անվերապահորեն չընդունելու և, ի վերջո, յուրաքանչյուր ամերիկացու անձնական արժանապատվության մասին մեր համոզմունքի խորհրդանիշ: Թեպետ Տվենի հաջողությունները նրա ջանասիրության, գրական ձիրքի և հաստատակամության արգասիքն են, սակայն նրա կայացման հարցում կարևոր է եղել նաև գրադարանների դերը: 12 տարեկանից նա դուրս եկավ դպրոցից և դրանից հետո երեկոյան ժամերին այցելում էր հանրային գրադարաններ ու զբաղվում է ինքնակրթությամբ: Նա նշում էր, որ գրադարաններում կարողացել է գտնել այնպիսի տեղեկություններ, որոնք ավանդաբար դպրոցներում չէին մատուցվում: Մարկ Տվենի պարագայում մենք իրապես ունենք անհատի կյանքում գրադարանների կարևոր դերակատարման վառ օրինակ»,- ասել է դեսպան Միլսը։
Ազգային գրադարանային շաբաթն Հայաստանում նշվում է ապրիլի 17-ից 23-ը: Այս տարի գրադարանային շաբաթը նվիրվում է Հայկական բանակի 25 ամյակին: ԱՄՆ-ում գրադարանային շաբաթը նշվեց անցած շաբաթ ՝ ապրիլի 9-15-ին և կրում էր «Գրադարանները փոխակերպվում են և փոխակերպում» խորագիրը:
«Այս խորագիրը՝ «Գրադարանները փոխակերպվում են և փոխակերպում» շատ տեղին է, երբ խոսում ենք մեր համայնքներում գործող գրադարանների մասին: Շատ դեպքերում գրադարանները փոխակերպվում են ֆիզիկապես, ավելի ու ավելի շատ վերածվելով այնպիսի վայրի, որտեղ հասանելի են ժամանակակից տեխնոլոգիաները: Իսկ գրքերի, ամսագրերի լայն ընտրանու և առցանց ռեսուրսների անվճար հասանելիության ապահովման միջոցով գրադարանները փոխակերպում են մարդկանց կյանքը՝ օգնելով նրանց զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները, օգտվել կրթական ու մասնագիտական կատարելագործման ավելի լայն հնարավորություններից: Այս ամենը բնութագրական ու ճշմարիտ է մեր հինգ Ամերիկյան անկյունների համար», - ասել է դեսպան Միլսը:
Հայաստանում կա հինգ Ամերիկյան անկյուն, որոնք գտնվում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Չարենցավանում: Անցած տարվա ընթացքում գրանցվել է Ամերիկյան անկյունների այցելուների ռեկորդային թիվ (73.000): Այցելուներն այստեղ մասնակցում են անգլերենի անվճար դասերի, օգտվում անգլիալեզու գրքերից ու տեսասկավառակներից, մասնակցում երեխաների համար կազմակերպվող միջոցառումներին, ստանում խորհրդատվություն կրթական հնարավորությունների մասին, օգտվում համակարգիչներից, ինտերնետից և 3D տպիչներից: