Քաղաքագետը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման մասին
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հետ կապված ձգձգումը որևէ կապ չուներ Հայաստանի հետ, այլ կապված էր Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, ՌԴ-ի և Բելառուսի միջև մշտապես գրեթե նույն սցենարով վեճեր են լինում. «Բելառուսը կամ նախագահ Լուկաշենկոն ամեն հարթակ օգտագործում են իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Վաղ թե ուշ այդ երկրները գալիս են ինչ-որ համաձայնության, գրեթե հիմնականում էներգակիրների գների, այս դեպքում գազի գնի հետ կապված, որից հետո հարաբերությունները կարգավորվում են: Դա տեղի ունեցավ նաև այս դեպքում»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմանը, քաղաքագետը չի կարծում, որ մեծ օգուտ կտա Հայաստանին. «Իհարկե, վատ չէ, բայց իրավիճակը չի փոխվի: Տարբեր շրջաններում այդ պաշտոնում կլինեն նաև ՀԱՊԿ այլ անդամ պետությունների ներկայացուցիչներ, և չի նշանակում, որ դա որոշակի իրավիճակ կփոխվի տվյալ երկրի համար»:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա պաշտոնը կստանձնի 2017թ-ի մայիսի 2-ից: