Գուցե բարեբախտություն է, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան. «Ակոս»-ի խմբագիր
Ի տարբերություն քրդերի՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքները Թուրքիայում բնակվող հայկական, հրեական և մյուս փոքրաթիվ համայնքների վրա ուղղակի ազդեցություն չեն ունենա, դրանք չեն կարող ազդել ազգային փոքրամասնությունների առօրյա կյանքի վրա: Այսքանով հանդերձ՝ հատկանշական է, որ վերջիններիս դիրքորոշումը դեպի «ոչ»-ն էր: Այսօր կայացած Ստամբուլ-Երևան տեսազանգի ժամանակ հայտնեց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Մեզ համար առավել էական է, որ Թուրքիան վերջին տարիներին հզոր ալեկոծությունների մեջ է: Տարիներ շարունակ երկիրը ձգտում էր դեպի Արևմուտք և արևմտյան արժեքներ, սակայն տևական ժամանակ է՝ կարծես հետ է կանգնել այս մտքից: Անգամ թուրք ժողովրդի մեջ հիմա ավելի շատ են մարդիկ, ովքեր դեմ են երկրի՝ ԵՄ անդամակցությանը»,- ասաց նա:
Բանախոսը հիշեցրեց, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը հօդս է ցնդում, մանավանդ, երբ Էրդողանը հայտարարում է մահապատիժը երկրում վերականգնելու հնարավորության մասին:
Բագրատ Էստուկյանի խոսքով, Թուրքիան պատասխանատու է Սիրիայում հոսող յուրաքանչյուր կաթիլ արյան համար, նա, կարծես, հանդես է գալիս թեժ գոտիներում կրակի վրա յուղ լցնողի դերում։
Բանախոսը նկատեց՝ գուցե բարեբախտություն է, որ հայ-թուրքական հարաբերությունները ներկայիս մակարդակի վրա են, բարեբախտություն է, որ դիվանագիտական կապեր, որպես այդպիսին, գոյություն չունեն:
«Եթե դրացին բարի չէ, լավ է՝ հարաբերություններ առհասարակ չլինեն: Թուրքիան գնալով ավելի վտանգավոր է դառնում, և ավելի լավ է նրանից հեռու մնալ»,- ամփոփոց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան