Կարինե Դանիելյան. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը և Բյուլբյուլօղլու գործունեությունը միմյանց հակասում են
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը ՄԱԿ-ի ղեկավարության որոշման դեմ, հանուն ՄԱԿ-ի կանոնադրության պայքար ծավալելու փորձ ունի:
Նա հասարակական այլ գործիչների հետ ակտիվ պայքարում էր, երբ ցանկանում էին կազմակերպության որոշ գրասենյակներ Թուրքիա տեղափոխել: Պայքարը մասնակի արդյունք տվեց, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկումներն այդպես էլ չխանգարեցին ու ՄԱԿ-ի մի քանի գրասենյակներ Թուրքիա տեղափոխվեցին: Ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ին պաշտոնապես հայտնել էին, որ Հայաստանը աշխատի անմիջապես գլխավոր գրասենյակի՝ Նյու Յորքի հետ:
ՀԿ-ներն այդ ժամանակ հիմնել էին «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան»: Այսօր կոալիցիայի անդամները պայքարում են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հնարավոր ընտրվելու դեմ: Նա թեկնածուներից մեկն է, ղեկավարին ընտրելու են աշնանը փակ քվեարկությամբ:
«Մենք նամակ ենք հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին, խորհրդի անդամներին: Մենք ուսումնասիրել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը և Բյուլբյուլօղլու գործունեությունը: Դրանք միմյանց լրիվ հակասող երևույթներ են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը:
Նա մանրամասնեց, ՄԱԿ-ի կանոնադրությունը սահմանում է, որ ազգերի միջև պետք է լինի համերաշխություն, խաղաղություն, միմյանց մշակույթի հարգում, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակը մշակութային ժառանգության պահպանումն է:
«Եթե նայում ենք Բյուլբյուլօղլու գործունեությունը, նա և խորհրդային տարիներին, և անկախության տարիներին եղել է Ադրբեջանի մշակույթի նախարար: Այդ տարիներին ինչքան հայկական ու այլ ազգերի մշակութային ժառանգություն է ոչնչացվել կամ ադրբեջանցվել: Այդ փոքրիկ ազգերը վերանում են, այսինքն ակտիվ ադրբեջանացում է տեղի ունենում, և ոչ թե ազգերի պահպանություն: Նամակում օրինակ ենք բերել նաև Ջուղայի խաչքարերի խնդիրը, ինչպես նաև Բյուլբյուլօղլու տարբեր հայտարարություններ, որոնք հակասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակներին»,-ասաց ՀԿ նախագահը:
Կարինե Դանիելյանը միջազգային հանրությանը հիշեցնում է, որ ադրբեջանցի դեսպանը բազմաթիվ անգամներ կոչ է արել ղարաբաղյան խնդիրը լուծել պատերազմի միջոցով:
«Նույնիսկ վերջին չորսօրյա պատերազմի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ինքն էլ զինվել ու գնալ ճակատ: Նույն բանը կոչ է արել Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներին: Այս մարդն ինչպե՞ս կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար ընտրվել»,-ասաց նա:
Բյուլբյուլօղլիի՝ կազմակերպության ղեկավար ընտրվելու դեպքում տուժել է հատկապես Հայաստանը:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրացվում են պատմամշակութային ժառանգության այն օբյեկտները, որոնք ազգի ներդրումն են քաղաքակրթության զարգացման մեջ: Դե հիմա գնա ու ապացուցի, որ դա Հայաստանի ներդրումն է, ոչ թե Ադրբեջանի: Այսօր անգամ պարզվում է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ավելի շատ է գրանցված Ադրբեջանի կողմից, քան Հայաստանի»,-ասաց նա, ավելացնելով, որ հայկական կողմը պետք է ակտիվ աշխատի:
Հասարակական սեկտորի ներկայացուցչի խոսքով, իրենց պետք է միանա նաև պետությունը:
«Եղավ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը, սակայն դրանից ավելի մենք բան չենք տեսել»,-ասաց նա:
ՄԱԿ-ի ղեկավարությանն ուղղված նամակները դեռևս անարձագանք են: ՀԿ-ների ներկայացուցիչները չեն հիասթափվում, պայքարը շարունակելու են, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունենա արժանի ղեկավար:
«Գիտեք, ադրբեջանցիներն ու թուրքերը ՄԱԿ-ի տարբեր կառույցներում շատ ակտիվ են աշխատում: Նրանք փորձում են ամեն ծակ ու ծուկը լցնել, հետո դա ծառայեցնել իրենց երկրի օգտին: Մենք ունենալով նման Սփյուռք, պետք է ունենանք մասնագետների մեծ բազա, որոնք ի վիճակի են աշխատել նման կառույցներում: Պետք է նրանց ուղղորդել այդ պաշտոններում: Ես շատ եմ կարևորում նման աշխատանքը, սակայն իմ առաջարկները դեռ արձագանք չեն ստանում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բյուլբյուլօղլուն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարի պաշտոնում կարող է մեծ վնաս հասցնել հայ ժողովրդին. Նավասարդյան
- Բյուլբյուլօղլիի առաջադրումը խարխլում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարոյական հիմքը. հայտարարություն
- Բալայան. Բաքվի կեղծավորությունը սահման չունի