Թուրքիան դառնում է միջազգային հանրության կողմից անվերահսկելի. թուրքագետ
«Չնայած Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն իշխանությունների համար դրական ելք ունեցավ, սակայն արդյունքներն այդ երկրի ղեկավարության համար այնքնան էլ գոհացուցիչ չէին»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Նրա խոսքով, միջերկրածովյան, արևմտյան և քրդաբնակ շրջանները քվեարկել են «ոչ»-ի օգտին, մինչդեռ կենտրոնական, սևծովյան շրջանները հակված էին «այո»-ին:
«Գավառական շրջաններն ավելի կրոնամետ և ավանդապաշտ են, հետևապես սպասելի էր, որ պետք է կողմ քվեարկեին Էրդողանին: Ընդհանուր պատկերը խոսում էր թուրքական հասարակության բևեռացվածության և մասնատվածության մասին, որոնք պարբերաբար իրենց զգացնել կտան»,- նշեց բանախոսը:
Թուրքագետի համոզմամբ, հանրաքվեի արդյունքներն անպայման կազդեն Թուրքիայի արտաքին հարաբերությունների վրա:
«Այս երկիրը գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում, ինչը երբեմն հանգեցնում է ագրեսիայի: Թուրքիան դառնում է միջազգային հանրության կողմից անվերահսկելի»,- իր տեսակետը պարզաբանեց Լևոն Հովսեփյանը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, որ հաջորդ հանրաքվեն երկրում անցկացվելու է ԵՄ անդամակցությունից հրաժարվելու օգտին, թուրքագետը նկատեց՝ սա, անշուշտ, սպառնալիք է՝ ցանկալի արդյունքները ապահովելու համար:
Ամփոփելով՝ Լևոն Հովսեփյանն ընդգծեց՝ դատելով թուրքական իշխանությունների ազգայնամոլական հռետորաբանությունից և արժեհամակարգից՝ հակահայ տրամադրություններն այդ երկրում կշարունակվեն:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ. Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին
- Հանրաքվեից հետո Թուրքիան վերադառնում է Աթաթուրքի շրջան. թուրքագետ
- Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը