«Վերածնունդ» փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը
Ապրիլի 19-ից մայիսի 30-ը, Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության` մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը: Նրա խոսքով, փառատոնն աննախադեպ մեծացել է, ամբողջ աշխարհով տարածում է գտել:
Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ` 35 երկրից: Մրցույթը կանցկացվի 5 տարիքային խմբով, 19 անվանակարգով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողովրդական գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր և երգչախմբեր, պարարվեստ:
«Այս տարի շատ բարձր պրոֆեսիանալիզմ ունեցող ժյուրի ենք հրավիրել»,- ասաց Կարինե Ավդալյանը՝ տեղեկացնելով, որ փառատոնի մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված 72 գործիչ` աշխարհի 14 երկրից:
Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության զարգացմանը, հաստատել նոր ստեղծագործական կապեր տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև, այլազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ պատշաճ կերպով ներկայացնել իրենց վարպետությունը, գեղարվեստական կրթության ոլորտում իրականացնել գիտամանկավարժական փորձի փոխանակում:
Ասուլիսին ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ այս փառատոնը կարևորում են նրանով, որ փառատոնին մասնակցող երաժիշտներն ամեն տարի Գյումրից իրենց հետ տանում են Հայաստանի մի կտորը՝ պահելով այն իրենց սրտում, իսկ հետագայում, դառնալով աշխարհահռչակ երաժիշտներ, դառնում են նաև Հայաստանի մշակութային դեսպանները:
«Չափազանց կարևորում ենք այս փառատոնը նաև նրանով, որ Գյումրիում այն իր հետևից մուլտիպլիկատիվ տնտեսական արդյունք է ապահովում, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման, մշակութային արժեքները ներկայացնելու առումով»,- նշեց նախարարը:
Ա. Ամիրյանի խոսքով, փասռատանն այս տարի ավելի ներկայացուցչական է և ավելի
ու ներկայանալի է լինելու:
Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են՝ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում