Ինչ առաջնահերթություններով են հանդես գալու ԱԺ օտարազգի պատգամավորները
Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային 4 փոքրամասնությունները՝ քրդերը, ասորիները, եզդիներն ու ռուսները, 6-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորներ կունենան: Ընդ որում՝ նրանցից 3 խորհրդարան կգնան ՀՀԿ-ից, մեկը՝ «Ծառուկյան» դաշինքից: Պարզելու՝ առաջնահերթ կերպով ի՞նչ հարցեր են պատրաստվում բարձրաձայնել խորհրդարանականները, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերջիններիս հետ։
Ասորական համայնքից ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Արսեն Միխայիլովն, օրինակ, նշեց, որ քաղաքական հարցերի թվում, թերևս, կբարձրաձայնի Սիրիայում և Իրաքում ասորական համայնքի վիճակը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի ասորական համայնքին, ապա այս պարագայում առավել արդիական են կրթական-մշակութային հարցերը։ Մենք պետք է շատ ակտիվ զբաղվենք այս հարցերով, որպեսզի հայաստանաբնակ ասորիները չկորցնեն իրենց էթնիկ մշակույթը։ Սա շատ կարևոր է, այլապես եղածն էլ գնալով քանդվում է։ Կան նաև սոցիալական հարցեր, որոնց մասին մենք պետք է բարձրաձայնենք»,- նշեց նա։
Հայաստանում եզդիական համայնքից պատգամավոր ընտրված Ռուստամ Մախմուդյանն էլ (ՀՀԿ) իր հերթին ընդգծեց՝ իրեն պետք է ընկալել ոչ թե զուտ ազգային փոքրմասնության ներկայացուցիչ, այլ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր՝ գլոբալ առումով։
«Կլինեն եզդիական համայնքի, թե ՀՀ մյուս բոլոր քաղաքացիների շահերը շոշափող հարցեր և օրինագծեր, վստահեցնում եմ, որ լինելու եմ ակտիվ և հետևողական։ Բոլոր լրագրողներին խնդրելու եմ ինձ դիտարկել որպես Ազգայի ժողովի պատգամավոր՝ առհասարակ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ՀՀԿ ցուցակով ընտրվելն իրեն կօգնի մեծամասնության հետ առավել հեշտորեն հասնել խնդիրների լուծմանը։
Թեմայի շրջանակում զրուցեցինք նաև Հայաստանում քրդական համայնքից ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Կնյազ Հասանովի հետ։ Վերջինս հավաստիացրեց, որ ինչպես մնացած պատգամավորները, ինքը ևս անելու է ամեն ինչ՝ բարձրաձայնելու ինչպես նեղ-համայնքային կրթամշակութային խնդիրներ, այնպես էլ քաղաքական հարցեր։
«ԱԺ պատգամավորն առաջին հերթին քաղաքական գործունեություն է ծավալում, իսկ խորհրդարանն էլ օրենսդիր մարմին է։ Այսինքն, եթե ես մտել եմ քաղաքականություն, պետք է զբաղվեմ քաղաքականությամբ։ Մինչև այժմ էլ զբաղվել եմ քաղաքականությամբ, 17 տարի աշխատել եմ նախագահի աշխատակազմին կից համակարգող խորհրդի անդամ»,- հիշեցրեց նա։
«Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված ռուսական համայնքի ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց։
Հարակից հրապարակումներ`
- Ասորական համայնքի խնդիրները մշակութային և կրթական են. Անահիտ Խոսրոև
- Վարչապետը պատրաստակամություն է հայտնել բիզնես ծրագրերում ներգրավել եզդի համայնքի գործարարներին. Ռ. Մախմուդյան
- Եզդիական համայնքի պատգամավորության թեկնածու. ՀՀԿ-ի հետ կկարողանանք բարձրացնել մեզ հուզող խնդիրները լուծելու իրատեսականությունը
- Սաիդ Ավդալյանը՝ եզդիական համայնքների ձեռքբերումների և կորուստների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան