Արգենտինայի դեսպանը սովորում է հայերի պես պերճախոս կենացներ ասել
Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տեղական հայտնի ընկերությունների հետ համատեղ, առաջին անգամ Երևանում կազմակերպել է «Արգենտինական գինու շաբաթ»: Այն մեկնարկել է ապրիլի 17-ին և կտևի մինչև ապրիլի 23-ը:
Գինու շաբաթվա ընթացքում առաջարկվում է վայելել արգենտինական նշանավոր Մալբեկի և այլ գինիների տեսակները, որոնք քաղաքի մի շարք ռեստորաններում ու գինետներում ամբողջ շաբաթվա ընթացքում կառաջարկվեն զգալի զեղչերով: Բացի այդ, ապրիլի 19-ին ռեստորանների անձնակազմերի համար կանցկացվի արգենտինական գինու առանձնահատկությունների վերաբերյալ վերապատրաստում:
Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս անգամ միջոցառումն առանձնահատուկ է լինելու, քանի որ նախորդ տարիների համեմատ որոշակիորեն ընդլայնվել են արգենտինական գինուն նվիրված միջոցառումները:
«Հիմնական գաղափարն է՝ հայ ժողովրդին ներկայացնել արգենտինական մշակույթի, գինու, սպորտի և այլ ոլորտների ձեռքբերումները»,- ասաց դեսպանը:
Դեսպանը հայտնեց, որ գինու արտադրությամբ Արգենտինան աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ որպես գինի արտահանող երկիր՝ 9-րդ տեղը:
«Այդ իսկ պատճառով հատկանշական ենք համարում ևս մեկ անգամ ցույց տալ, թե ինչքան կարևոր է գինին արգենտինական մշակույթում»,- նշեց Գոնզալո Ուրրիոլաբեիտիանը:
Դեսպանի խոսքերով՝ միջոցառումները միայն արգենտինական գինիները ներկայացնելու համար չեն կազմակերպվել. դրանք նաև միտված են Հայաստանում մասնավոր սեկտորի հետ համագործակցության խթանմանը, զբոսաշրջության զարգացմանը:
Ըստ նրա՝ իրենք հանդիպել են Հայաստանի սննդի արտադրության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և համոզվել, որ արգենտինական գինին իր տեղն ունի Երևանում, որը կարևոր տուրիստական կենտրոններից մեկն է համարվում:
Ըստ Գոնզալո Ուրրիոլաբեիտիանիի՝ դեսպանությունն իր գործունեության հինգ տարիների ընթացքում կազմակերպել է «Մալբեկի համաշխարհային օրը Երևանում» միջոցառումը և արդեն նկատելի է, որ Արգենտինայից գինիների ներկրման ծավալն ավելացել է:
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ նշեց, որ Արգենտինայի դեսպանատան հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի այս միջոցառումը շարունակական բնույթ կրի, իսկ հայկական գինին էլ ներկայացվի Արգենտինայում:
Նա նաև ասաց, որ Արգենտինայից զբոսաշրջիկների թիվը թեև այդքան մեծ չէ, սակայն Հայաստանի ու Արգենտինայի միջև գործում է առանց մուտքի վիզայի ռեժիմ, ինչը կարող է լուրջ խթան հանդիսանալ Արգենտինայից Հայաստան զբոսաշրջիկների աճի համար։
Հարցին, թե Հայաստանում թևավոր խոսք կա՝ «գինին շառ է, շառ», Արգենտինայում գինու հետ կապված թևավոր խոսք կա՞, դեսպանը ժպտալով պատասխանեց. «Երբ արգենտինացիները գինի են խմում, դա ավարտվում է քաղաքականության կամ ֆուտբոլի մասին քննարկումներով: Չնայած գինին բարեկամության, ընկերության խորհրդանիշ է, բայց երբ հերթը հասնում է քաղաքականությանն ու ֆուտբոլին, ապա խոսակցությունն անպայման ավարտվում է վիճաբանությամբ»:
Արդյոք Արգենտինայում գինի խմելու մշակույթում կա հայերեն «Անուշ լինի» արտահայտության համարժեքը, դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշեց, որ արգենտինացիները, երբ գինի են խմում, մոռանում են ամեն ինչի մասին, բայց իրենք նույնպես ասում են կենացներ, սակայն հայերի պես պերճախոս չեն:
«Հիմա սովորում եմ հայերի պես պերճախոս կենացներ ասել», - կատակով ավելացրեց դեսպանը: